Մատչելի հղումներ

Իսպանիայի վարչապետը ներկայացրել է ֆինանսական խնայողության միջոցների ծրագիրը


Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը` երկրի խոհրդարանի նիստի ընթացքում, 11 հունիսի 2012թ.
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը` երկրի խոհրդարանի նիստի ընթացքում, 11 հունիսի 2012թ.

Ծրագրով նախատեսվում է խնայել 80 միլիարդ դոլար մինչև 2014 թվականի վերջը

Իսպանիայի վարչապետը ներկայացրել է ծախսերի կրճատման և հարկային պարտավորությունների ավելացման մի փաթեթ, որի համաձայն մինչև 2014 թվականի ավարտը նախատեսվում է կատարել 80 միլիարդ դոլարի խնայողություն:

Վարչապետ Մարիանո Ռախոյը, չորեքշաբթի օրն օրենսդիրներին ներկայացնելով ֆինանսական խնայողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների փաթեթը, նշել է, որ երկրի համար ներկայիս պահը «վճռորոշ» է, և խիստ անհրաժեշտ է հնարավորինս արագ դադարեցնել բյուջետային ճգնաժամը:

Ծրագրով նախատեսվում է նվազեցնել պետական ծառայողների աշխատավարձերը և գործազրկության նպաստները, ինչպես նաև ավելացնել վաճառքից գանձվող հարկերը:

Այս միջոցառումների դեմ երկրի մայրաքաղաք Մադրիդում բողոքի ցույց են անցկացրել հանքագործները: Նրանք պնդում են, որ ածուխ արդյունահանող ընկերություններին տրամադրվող լրահատկացումների դադարեցումը կարող է երկրում «ոչնչացնել» ածխի հանքարդյունաբերությունը:

Եվրոյի գոտու անդամ պետությունների ֆինանսների նախարարները երեքշաբթի օրը համաձայնվել են 37 միլիարդ դոլար ծավալով ֆինանսական օգնություն հատկացնել Իսպանիային:
Եվրախմբի՝ եվրոյի գոտու անդամ պետությունների ֆինանսների նախարարների խմբի նախագահ Ժան-Կլոդ Յունքերի համաձայն, ֆինանսական միջոցները, կախված գործարքը հավանության արժանացնելուց, հասանելի կդառնան մինչև այս ամսվա վերջը:

Իսպանիայի իշխանությունները նախկինում դիմել էին 125 միլիարդ դոլար ծավալով ֆինանսական օգնություն հատկացնելու խնդրանքով՝ պետության կողմից փոխառություններ կատարելու արժեքի կտրուկ աճի պատճառով: Երկրի պաշտոնյաները երեքշաբթի օրը նշել են, որ ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կարող է հասնել այս մակարդակի, սակայն Իսպանիային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը ներառում է երկրի բանկային համակարգում բարեփոխումներ իրականացնելու պահանջը:

Եվրոյի գոտու պետությունների ֆինանսների նախարարները համաձայնվել են նաև մեկ տարով՝ մինչև 2014 թվականը հետաձգել Իսպանիայի պետական բյուջեի պակասորդը Եվրոպական Միության կողմից պետական բյուջեի պակասորդի առավելագույն՝ երեք տոկոս սահմանին հասցնելու պահանջը:
XS
SM
MD
LG