Մատչելի հղումներ

Սնոուդեն-ավագը խորհուրդ է տվել որդուն մնալ Ռուսաստանում


ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատողի հայրը կանխատեսում է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների տեղեկությունների հետագա բացահայտումներ

Ռուսաստանում ապաստան ստացած ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի հայրը՝ Լոն Սնոուդենը, վերադառնալով Միացյալ Նահանգներ Ռուսաստան կատարած այցից, ասել է, թե իր որդու տրամադրության տակ դեռևս կան գաղտնի բազմաթիվ տեղեկություններ, և որ նա պետք է մնա Ռուսաստանում «այնքան ժամանակ, մինչև չբացահայտվի ամբողջ ճշմարտությունը»:

Նյու Յորքի Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում լրագրողների հետ անցկացված հանդիպման ընթացքում Լոն Սնոուդենը, պատասխանելով այն հարցին, թե հանդիպման ընթացքում ինքը ինչ խորհուրդ է տվել որդուն, ասել է. «Խորհուրդ եմ տվել նրան մնալ Ռուսաստանում, սակայն վերջնական որոշումն ինքը պետք է կայացնի ինքնուրույն: Նա հարմարվել է և երջանիկ է: Եվ միանգամայն համոզված է իր գործի ճշմարտության մեջ»:

Սնոուդեն-ավագի համաձայն, Ռուսաստանում գտնվելը թույլ կտա իր որդուն «շարունակել հրատապ խնդիրների բացահայտումն այնքան ժամանակ, մինչև պարզ չդառնա ճշմարտությունը»:

«Դեռևս շատ բան կա բացահայտելու», - ասել է Էդվար Սնոուդենի հայրը:

«Էդվարդը չի թաքնվում: Ինքը օրինական ապաստան է ստացել Ռուսաստանում: Մամուլը դա պետք է ճիշտ ըմբռնի, և կարծում եմ՝ մեր կառավարությունը հասկանում է այս հանգամանքը», - ասել է Լոն Սնոուդենը:

Ռուսաստանի իշխանություններն այնուամենայնիվ չեն հայտնել, թե որտեղ է կայացել Սնոուդենների հանդիպումը, ինչպես նաև չեն բացահայտում ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայողի բնակության ներկայիս վայրը:
XS
SM
MD
LG