Մատչելի հղումներ

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության


Հյուսիսային Կորեան կարող է իրականացնել սադրիչ նոր գործողություններ՝ այս անգամ միաժամանակ արձակելով մի քանի հրթիռներ

Հյուսիս-արևելյան Ասիայում գնալով աճում են մտահոգություններն այն մասին, որ Հյուսիսային Կորեան կարող է իրականացնել սադրիչ նոր գործողություններ՝ այս անգամ միաժամանակ արձակելով մի քանի հրթիռներ:

Հարավային Կորեայի զինված ուժերը, ինչպես նաև այս երկրում տեղակայված Միացյալ Նահանգների ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստվածության ամենաբարձր՝ գրեթե պատերազմական աստիճանի:

Հարավային Կորեայի արտգործնախարարը, հանդես գալով Սեուլում օրենսդիրների հանձնաժողովի առջև, ասել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է գործողության միջին հեռավորություն ունեցող «Մուսուդան» հրթիռի արձակման:

Նախարարի համաձայն, հրթիռի արձակման հնարավորությունը «չափազանց բարձր է, և այն կարող է իրականացվել ցանկացած պահի»:

Հարավային Կորեայի լրատվամիջոցների համաձայն, Հյուսիսային Կորեայի արևելյան ափ են տեղափոխվել հրթիռների արձակման շարժական լրացուցիչ կայաններ:

Այս տեղեկություններն ավելի վաղ հաստատել էր ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Սեմյուել Լոքլիերը՝ հանդես գալով ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի հանձնաժողովի առջև: Ծովակալն ասել է, թե Հյուսիսային Կորեայի արևելյան ափ է տեղափոխվել գործողության միջին շառավիղ ունեցող բալիստիկ առնվազն մեկ հրթիռ:

Ծովակալ Լոքլիերի համաձայն, այն դեպքում, եթե Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռները վտանգ ներկայացնեն Միացյալ Նահանգների կամ դաշնակիցների ռազմակայանների համար, ԱՄՆ-ի զինված ուժերն ունեն նման բալիստիկ հրթիռներ խոցելու հնարավորություն:
XS
SM
MD
LG