Մատչելի հղումներ

«Ռուսաստանը որևէ հիմք չունի Սնոուդենին ձերբակալելու համար»


«ԱՄՆ-ի իշխանություններն իրենք են պատասխանատու Էդվար Սնոուդենի գործողությունների համար»

«Ռուսաստանը Սնուդենին ձերբակալելու իրավական որևէ հիմք չունի: Ռուսաստանի տարածքում նա որևէ օրենք չի խախտել»:

Այս մասին հայտարարությամբ «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

Նրա համաձայն, «խոսքը գնում է այն մասին, որ Սնոուդենը, վերջ ի վերջո, քաղաքական ապաստան կստանա Լատինական Ամերիկայի պետություններում մեկում, և հասունացող այս սուր թեման, որը կարող էր առաջանար Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, կհանվի նման եղանակով»:

Պուշկովի համաձայն, «Ռուսաստանն այս դեպքում որևէ ակտիվ գործունեություն չունի, իսկ տարանցումը պարզապես տարանցում է»:

Ալեքսեյ Պուշկովը հերքել է Վաշինգտոնից Մոսկվայի հասցեին հնչեցրած նախատինքները:

«Տարօրինակ եմ համարում ամերիկյան սենատորների և կոնգրեսմենների այն քննարկումները, որտեղ ասվում է, թե դաշնակիցները նման եղանակով իրենց չեն պահում: Ես չեմ տեսել, որ ԱՄՆ-ը որպես դաշնակից վերաբերվի Ռուսաստանին՝ ո՛չ հակահրթիռային պաշտպանության, ո՛չ էլ «սև ցուցակների» [«Մագնիտսկու օրենքի համաձայն Ռուսաստանի պետծառայողների ցուցակների], ո՛չ էլ Սիրիայի հարցում:

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի համաձայն, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև այժմ առկա են լուրջ տարաձայնություններ, և Միացյալ Նահանգներն արել է ամեն ինչ, որ այս տարաձայնություններն իսկապես լուրջ բնույթ ստանան:

«Մենք առաջինը չեն սկսել «սև ցուցակների» կազմումը: Լրտեսության վերջին դեպքերը, երբ Ռուսաստանից երկու դիվանագետ է վտարվել, ամերիկացիների կողմից իրականացվող լրտեսության դեպքեր են: Այդ պատճառով երկկողմանի ստեղծված նման դժվար մթնոլորտում սխալ կլինի կարծել, որ Ռուսաստանը մեծ ուշադրություն կդարձնի ամերիկացիների խնդրանքներին: Ամերիկացիների կողմից Ռուսատանի Դաշնության շահերի նկատմամբ ականջ դնելու ցանկություն մենք չենք տեսնում», - շեշտել է Պուշկովը:

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահը կարծիք է արտահայտել նաև այն մասին, որ Միացյալ Նահանգների իշխանություններն իրենք են պատասխանատու Էդվար Սնոուդենի գործողությունների համար:

«Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների և համացանցի հսկողության հստակորեն հակաօրինական բնույթ ունեցող այս համակարգը, այլ ոչ թե մենք ենք պատասխանատու ստեղծված իրավիճակի համար: Սնոուդենը Միացյալ Նահանգների քաղաքացի է, և պատճառը Ռուսաստանը չէ: Այնպես որ Ամերիկան պետք է ինքն իրեն բողոքներ ներկայացնի», - նշել է Ալեքսեյ Պուշկովը:
XS
SM
MD
LG