Մատչելի հղումներ

Ռուհանի. «Իրանը պատերազմ չի ցանկանում»


Իրանում ուրբաթ օրն անցկացված ռազմական շքերթի ընթացքում նախագահ Ռուհանին ասել է, թե «հարևանները պետք է իմանան, որ մեր բանակն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը»

Իրանի նախագահը Հասան Ռուհանին, հանդես գալով ուղերձով ամենամյա ռազմական շքերթի ընթացքում, ասել է, որ իր երկիրը պատերազմ չի ցանկանում, սակայն ունի բոլոր հարձակումները հետ մղելու համար անհրաժեշտ միջոցներ:

Ռուհանիի համաձայն, Իրանը չի ցանկանում հետևել պատերազմի ուղուն, այլ նախատեսում է բռնել «տրամաբանության և բանակցությունների ճանապարհը»:

Ի տարբերություն Իրանի նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, երկրի ներկայիս նախագահ Ռուհանին շքերթի ընթացքում իր ուղերձը չի օգտագործել Միացյալ Նահանգների կամ Իսրայելի հասցեին քննադատական արտահայտություններով հանդես գալու համար:

Իրանի նախագահն իր ուղերձում, դիմելով հարևան պետություններին, ասել է, որ Իրանը ցանկանում է բարելավել հարաբերությունները նրանց հետ՝ շեշտելով, որ «հարևանները պետք է իմանան, որ մեր բանակն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը»:

Իրանում ուրբաթ օրն անցկացված ռազմական շքերթի ընթացքում ցուցադրվել է երկրի զինված ուժերի ռազմական տեխնիկան:
XS
SM
MD
LG