Մատչելի հղումներ

Հանրապետական Ռոմնին շարունակում է ընտրարշավը


Դեռևս չի որոշվել, թե ով է հաղթանակած դուրս եկել փոխնախագահի թեկնածուների հեռուստաբանավեճում

Նախագահական հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին ուրբաթ օրն ընտրարշավը կշարունակի Վիրջինիա և Օհայո նահանգներում:

Ռոմնիին հանդիպումներ կանցկացնի Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում, իսկ ավելի ուշ Օհայո նահանգի Լանքաստեր քաղաքում նրան կմիանա փոխնախագահի հանրապետական թեկնածու Փոլ Ռայանը:

Նախագահ Օբաման ուրբաթ օրը կանցկացնի ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում:

Այս ընթացքում հասարակական կարծիքի հարցումների արդյունքում դեռևս հնարավոր չեղավ որոշել, թե ով է հաղթանակած դուրս եկել ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայանի և Ջո Բայդենի միջև երեկ ուշ երեկոյան անցկացված հեռուստաբանավեճում:

Այսպես, «Օու-Ար-Սի» հետազոտական կենտրոնի և «Սի-Էն-Էն» լրատվական գործակալության համատեղ անցկացված հարցման արդյունքների համաձայն, հեռուստաբանավեճին հետևած հեռուստադիտորղների 48 տոկոսի կարծիքով հաղթանակ է տարել Ռայանը, իսկ հարցման մասնակիցների 44 տոկոսը պնդում է, որ հաղթանակը Ջո Բայդենինն էր:

«Սի-Բի-Էս» հեռուստաընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները սակայն վկայում են այն մասին, որ որևէ կուսակցությանը չհարող ընտրողների 50 տոկոսը կարծում է, թե այս հեռուստաբանավեճում հաղթանակ է տարել Ջո Բայդենրը: Հարցման մասնակիցների 31 տոկոսի կարծիքով հաղթանակ է տարել Ռայանը, իսկ մասնակիցների 19 տոկոսը նշել է, որ փոխնախագահի թեկնածուների ուժերը հավասար են եղել:

ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուները Կենտուկի նահանգում հինգշաբթի ուշ երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ընթացքում շատ վաղ և հաճախ են տարաձայնություն արտահայտել Միացյալ Նահանգների տնտեսությանը և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը, փորձելով վերականգնել անցյալ շաբաթ կայացած նախագահական թեկնածուների հեռուստաբանավեճի ընթացքում նախագահ Օբամայի անհաջող ելույթի պատճառով կորսված դիրքերը, եռանդուն կերպով պաշտպանել է ԱՄՆ-ի Սպիտակ տան քաղաքականությունը՝ կոչ անելով կոնգրեսական Ռայանին և հանրապետական օրենսդիրներին «ազատել ճանապարհը» և հնարավորություն տալ նախագահ Օբամայի վարչակազմին «կարգի բերել դանդաղ աճող տնտեսությունը»:

Կոնգրեսական Ռայանն, արձագանքելով Բայդենի խոսքերին, ասել է, որ չորս տարի անց նախագահ Օբաման և ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատների ներկայացուցիչները կրում են ամբողջ պատասխանատվությունը ստեղծված այնպիսի մի տնտեսական իրավիճակի համար, որի պատճառվ երկրի բնակչության 15 տոկոսն ապրում է աղքատության մեջ:

Թեկնածուները տարաձայնություն են արտահայտել նաև Աֆղանստանից 2014 թվականին օտարերկրյա ստորաբաժանումները դուրս բերելու ծրագրի վերաբերյալ: Կոնգրեսական Ռայանի համաձայն, զորքերի դուրսբերումը հավասար է թուլության ցուցաբերման:

Սիրիայի հարցի շուրջ կոնգրեսական Ռայանը մեղադրել է Օբամայի վարչակազմին որևէ գործողության չդիմելուն՝ հավելելով, որ սա դարձել է ծավալված հակամարտության ընթացքում տասնյակ հազարավոր զոհերի պատճառը: Ի տարբերություն, փոխնախագահ Բայդենն բարձր է գնահատել նախագահ Օբամայի համագործակցությունը ԱՄՆ-ի դաշնակիցների հետ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում:

Անդրադառնալով անցյալ ամիս Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպանի սպանությանը, Ռայանը քննադատել է ԱՄՆ-ի Սպիտակ տունը և նշել, որ Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսության անվտանգությունը դրված չէր բավարար մակարդակի վրա: Բայդենն արձագանքել է՝ «ողբերգություն» անվանելով ԱՄՆ-ի դեսպանի մահվան պատճառը դարձած հարձակումը և խոստանալով, որ կատարված սխալներն այլևս չեն կրկնվի:

Իրանի հարցի շուրջ Ռայանը մեղադրել է Օբամայի վարչակազմի զբաղեցրած «ոչ արժանահավատ» դիրքը, որի պատճառով Իրանը դարձել է «էլ ավելի լկտի»: Բայդերը, պատասխանելով մեղադրանքներին, հիշեցրել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգներն այժմ կիրառում են «պատմության մեջ ամենակործանիչ պատժամիջոցները»:

Փոխնախագահի թեկնածուները բանավիճել են նաև առողջապահության ոլորտում ԱՄՆ-ում տիրող իրավիճակի շուրջ: Բայդենը պնդել է, որ Ռայանը կորցրել է կապը աշխատավոր ամերիկացիների հետ՝ վերջինիս կողմից պետական ծախսերը կրճատելու և մեծահասակների համար «Մեդիքեր» առողջապահական ապահովագրության համակարգից օգտվելու համար «վաուչերային» համակարգ ստեղծելու ծրագրեր մշակելու պատճառով:

Արձագանքելով այս մեղադրանքներին, Ռայանն ասել է, որ նախագահ Օբամայի կողմից մշակված առողջապահական ծրագիրը «Մեդիքեր»-ից խլել է 716 միլիարդ դոլար և ստեղծել մի խորհուրդ, որը կարող է մերժել բժշկական ապահովագրությունը դրա կարիքն ունեցող անձանց:

ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուներն ընտրարշավի ընթացքում ունեին հեռուստաբանավեճ անցկացնելու ընդամենը մեկ հնարավորություն: Նախագահական թեկնածուներ Ռոմնին ու Օբաման սակայն մինչև նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրությունները հեռուստաբանավեճ կանցկացնեն ևս երկու անգամ:
XS
SM
MD
LG