Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում


Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել երեք խռովարար, իսկ չնշված թվով խռովարարների որոնման աշխատանքները շարունակվում են

Չինաստանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկրի հյուսիս-արևմտյան Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում տեղի ունեցած խռովությունների զոհ է գնացել 27 մարդ:

«Սինհուա» լրատվական գործակալության համաձայն, խռովությունները սկսվել էին չորեքշաբթի վաղ առավոտյան, երբ Շանշան շրջանի Լուքքուն բնակավայրում «դանակներով զինված ամբոխը» հարձակում է գործել ոստիկանության բաժանմունքի, տեղական կառավարության շենքի և շինարարական հարթակներից մեկի ուղղությամբ:

Հաղորդագրության համաձայն, խռովարարները դանակահարել են մարդկանց և կրակի մատնել ոստիկանության մեքենաներ՝ սպանելով անվտանգության մարմինների ինը ծառայող և խաղաղ ութ բնակիչ: Ոստիկանության ծառայողների կողմից բացված կրակի արդյունքում ոչնչացվել է տասը խռովարար:

Գործակալության համաձայն, ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել երեք խռովարար, իսկ չնշված թվով խռովարարների որոնման աշխատանքները շարունակվում են:

Հաղորդագրության մեջ չի նշվել, թե ինչն էր դարձել խռովությունների պատճառը, և որևէ անդրադարձ չի կատարվել խռովարարների ազգային պատկանելիության:

Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում հաճախ են տեղի ունենում բախումներ փոքրամասնություն կազմող՝ մահմեդականություն դավանող ույգուրների և մեծամասնություն կազմող հան չինացիների միջև: Ույգուրներից շատերի համաձայն, բռնություններն առաջանում են հան չինացիների դեպի ինքնավար շրջան իրականացվող զանգվածային տեղափոխությամբ առաջացող կրոնական և մշակութային խտրականության հետևանքով:
XS
SM
MD
LG