Մատչելի հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի նամակին


«Թեև նամակի ընդհանուր ձևակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզմունքներ, այդուհանդերձ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացված փաստաթուղթը»

Հայաստանի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխան նամակով արձագանքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վերջինիս նախօրեին հասցեագրված նամակին:

Իր պատասխան նամակում Րաֆֆի Հովհաննիսյանը դրական է գնահատել այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը ուղղակի գրությամբ է պատասխանել իր համալիր առաջարկին:

«Թեև նամակի ընդհանուր ձևակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզմունքներ, այդուհանդերձ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացված փաստաթուղթը», - ասված է Հովհաննիսյանի նամակում, որը հրապարակվել է նրա նախընտրական շտաբի պաշտոնական կայքէջում:

Հովհաննիսյանը վերահաստատել է Սարգսյանի հետ հանդիպելու և «սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձևաչափով՝ Ազատության հրապարակում»:

«Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար, անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չունեմ, և կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական Նոր Հայաստանի», - ասել է Հովհաննիսյանը:

«Եթե ինչ-ինչ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող՝ Ձեզ բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին», - եզրափակել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխան նամակը:
XS
SM
MD
LG