Մատչելի հղումներ

Ռուսաստանի նախագահը ներկայացրել է կառավարության նոր կազմը


Ռուսաստանի նախագահ Պուտինը ներկայացրել է երկրի կառավարության նոր կազմը, որտեղ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի կառավարության անդամներից շատերը պահպանել են իրենց զբաղեցրած պաշտոնները:

Այսպես, Պուտինի կողմնակից Իգոր Շուվարովը պահպանել է տնտեսական քաղաքականության համար պատասխանատու առաջին փոխվարչապետի պաշտոնը, իսկ Անտոն Սուլիանովը մնացել է ֆինանսների նախարարի պաշտոնում:

Երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում մնացել է Անատոլի Սերդյուկովը: Իր պաշտոնը պահպանել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նախարարների խորհրդում կատարված նշանակալի փոփոխություններից է էներգետիկայի և արտադրական քաղաքականության գծով փոխվարչապետի պաշտոնում սեփականաշնորհման ջատագով Արկադի Դվորկովիչի նշանակումը, որը նախկինում զբաղեցրել է Ռուսաստանի նախորդ նախագահ Դմիտրի Մեդվեդևի խորհրդականի պաշտոնը:

Այս ամսվա սկզբին նախագահ Պուտինի կողմից վարչապետի պաշտոնում նշանակված Դմիտրի Մեդվեդևը ստանձնել է Ռուսաստանի տնտեսությանը նոր թափ հաղորդելու քաղաքականության և մասնավորեցման իրականացման պարտավորությունը:

Ռուսաստանի նախագահի պաշտոնը 2008 թվականին ազատելուց հետո երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Վլադիմիր Պուտինը: Այս տարվա մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում նա զգայի առավելությամբ առաջ էր անցել այլ թեկնածուներից՝ հավաքելով ձայների մեծամասնությունը:

Ռուսաստանի ընդդիմությունը սակայն վիճարկել է ընտրություններում Պուտինի տարած հաղթանակը՝ «գողացած ընտրություններ» անվանելով դրանք:

Աշխարհի պետությունների առաջնորդները որոշ վերապահումներով են ընդունել Պուտինի հաղթանակը, իսկ միջազգային դիտորդները նշել էին, որ նախընտրական պայքարն անցկացվել էր Պուտինի օգտին հստակ «թեքումով»՝ ապահովելով նրան ձայների գերակշռող մեծամասնությունը:

ԵԱՀԿ-ի համաձայն, լրատվամիջոցներում Պուտինն ուներ հստակ առավելություն, իսկ ընտրություններին մասնակցել են սահմանափակ թվով թեկնածուներ, քանի որ գրանցման պահանջները խոչընդոտել են այլ թեկնածուների մասնակցությունը:

Կազմակերպությունը հայտնել էր նաև, որ ընտրատարածքների մեկ երրորդում ընտրակեղծիքներ են գրանցվել:

Պուտինի ընդդիմախոսների համաձայն, իր վերադարձը նախագահի պաշտոնին միշտ է նախատեսվել, և իրականում Պուտինը երբեք չի հրաժարվել իշխանությունից:

Ռուսաստանի սահմանադրությունում ընդունված փոփոխությունները թույլ են տալիս երկրի նախագահին պաշտոնավարել երկու վեցամյա ժամկետի ընթացքում, ինչը նշանակում է, որ Պուտինը կարող է մնալ Ռուսաստանի նախագահի պաշտոնում մինչև 2024 թվականը: Այս հնարավորությունն մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի բնակչության մի զգալի մասի մոտ:

XS
SM
MD
LG