Մատչելի հղումներ

Հնդկաստան կատարվող Պուտինի այցի ընթացքում ստորագրվել են մի շարք կարևոր պայմանագրեր


Ռուսաստանի և Հնդկաստանի միջև առևտրի ծավալները գալիք երեք տարվա ընթացքում պետք է հասնեն 20 միլիարդ դոլարի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հնդկաստան կատարվող պաշտոնական այցի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց համաձայն Ռուսաստանի և Հնդկաստանի միջև առևտրի ծավալը գալիք երեք տարվա ընթացքում պետք է հասնի 20 միլիարդ դոլարի: Նախագահ Պուտինի այցի ընթացքում քննարկվել են նաև երկու պետությունների միջև հարաբերությունները ներդրումային, առևտրի, էներգետիկայի և տիեզերքի օգտագործման ոլորտներում:

Այս մասին հաղորդել են ռուսաստանյան լրատվամիջոցները, որոնց վկայությամբ նախագահ Պուտինի այցը Հնդկաստան համընկել է երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած խմբակային բռնաբարությամբ հրահրված բողոքի զանգվածային ցույցերի հետ: Այս պատճառով բանակցությունները Հայդարաբադի պալատից տեղափոխվել են Հնդկաստանի վարչապետի նստավայր, որտեղ անցկացված հանդիպման արդյունքում ստորագրվել են մի շարք պայմանագրեր:

«Պայմանավորվել ենք շարունակել ռազմատեխնիկական ոլորտում Ռուսատանի և Հնդկաստանի սերտ համագործակցության ավանդույթները, առաջ քաշել նոր նախագծեր, այդ թվում՝ ստեղծելով համատեղ արտադրություն և փոխանցելով տեխնոլոգիաներ: Այս ուղղությամբ կարևոր քայլ են համարվում ուղղաթիռային տեխնիկայի մատակարարման և «Սու-30» օդանավերի լիցենզավորված հավաքման համար պահեստամասերի մատակարարման այսօր ստորագրված պայմանագրերը»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

«Ռուսաստանը Հնդկաստանի զինված ուժերի և երկրի պաշտպանական կարողությունների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորագույն գործընկերն է: Մենք հաջողությամբ ենք համագործակցում մի շարք նախագծերում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում», - ասել է Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը:

Նախագահ Պուտինի այցի ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտի հարցեր, ստորագրվել են Հնդկաստանի ընկերությունների կողմից Ռուսաստանի արբանյակային «ԳԼՈՆԱՍՍ» համակարգի օգտագործման մասին առանձին պայմանագիր, ինչպես նաև երկրում ռուսաստանյան ներդրումային մասնակցությամբ գործարանների կառուցման շուրջ նոր պայմանագրեր:

Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցի ընթացքում ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Հնդկաստանի նախագահ Փրանբ Մուքերջիի, իշխող կուսակցության առաջնորդ Սոնյա Գանդիի, ինչպես նաև Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի առաջնորդ Սուշմա Սավարաջի հետ:
XS
SM
MD
LG