Մատչելի հղումներ

«Փուսի Ռայըթ» փանք-խմբի երկու մասնակիցներն ազատ են արձակվել


Նադեժդա Տոլոկոննիկովան ազատ արձակվելու ժամանակ վանկարկել է «Ռուսաստանն առանց Պուտինի» կարգախոսը

Ռուսաստանի «Փուսի Ռայըթ» փանք-խմբի երկու մասնակիցներն ազատ են արձակվել երկուշաբթի օրը:

Նադեժդա Տոլոկոննիկովան դուրս է եկել Կրասնոյարսկում գտնվող կալանավայրից, ինչից մի քանի ժամ առաջ Ռուսատանի այլ վայրում գտնվող կալանավայրից ազատ էր արձակվել Մարիա Ալյոխինան:

Երկու կանայք պետք է ազատ արձակվեին գալիք տարվա մարտին, սակայն անցյալ շաբաթ Ռուսաստանի խորհրդարանը հավանության էր արժանացրել համաներման մասին օրինագիծը, որը թույլ է տվել ազատ արձակել հազարավոր բանտարկյալների:

«Փուսի Ռայըթ» փանք-խմբի երկու մասնակիցներին համաներման իրավունք է տրվել այն պատճառով, որ իրենք փոքր երեխաներ ունեն:

Ալյոխինան Ռուսատանի «Դոժդ» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում ասել է, թե կգերադասեր մնալ բանտում, քանի որ իր ազատ արձակումը «ոչ թե մարդասիրական, այլ «փի-ար» քայլ է»:

Հաղորդագրությունների համաձայն, Նադեժդա Տոլոկոննիկովան ազատ արձակվելու ժամանակ վանկարկել է «Ռուսաստանն առանց Պուտինի» կարգախոսը:

«Փուսի Ռայըթ» փանք-խմբի երեք մասնակիցներ՝ Ալյոխինան, Տոլոկոննիկովան և Եկատերինա Սամուցևիչը, ազատազրկման էին դատապարվել անցյալ տարվա օգոստոսի 17-ին՝ կրոնական հողի վրա կատարված խուլիգանական գործողությունների մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Եկատերինա Սամուցևիչի ազատազրկման դատավճիռը հետագայում փոխարինվել էր պայմանականով:

Երեք կանայք ձերբակալվել էին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Քրիստոս Ամենափրկչի տաճարի խորանի վրա 2012 թվականի փետրվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող բողոքով-ներկայացումով հանդես գալուց հետո:
XS
SM
MD
LG