Մատչելի հղումներ

Դոնեցկում ռուսաստանամետ ակտիվիստներն «ինքնիշխանություն» են հայտարարել


Ուկրաինայի արևելյան Դոնեցկ քաղաքում ռուսաստանամետ ակտիվիստները «Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» են հռչակել և հորդորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այնտեղ «խաղաղապահների սահմանափակ զորախումբ» ուղարկել

Ուկրաինայի արևելյան Դոնեցկ քաղաքում մարզային ադմինիստրացիայի շենքը զբաղեցնող ռուսաստանամետ ակտիվիստները «Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» են հռչակել և հորդորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այնտեղ «խաղաղապահների սահմանափակ զորախումբ» ուղարկել:

Ռուսաստանամետ ակտիվիստներն իրենց այս որոշման մասին մարզային ադմինիստրացիայի նախօրեին գրավված շենքի մոտակայքում հավաքված մի քանի հազար մարդուն հայտնելու նպատակով դուրս են եկել իրենց կողմից գրավված շենքից՝ միաժամանակ հայտարարելով, որ տարածաշրջանի ապագա կարգավիճակի շուրջ հանրաքվեն կանցկացվի ամենաուշը մայիսի 11-ին:

Դոնեցկի մարզպետ Սերհիյ Տարուտան հորդորել է Ուկրաինայի կառավարությանը արտակարգ հանդիպում անցկացնել՝ տարածաշրջանում ազգային անվտանգության հետ կապված իրավիճակի հարցով:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն այս ընթացքում տեղեկացրել են, որ Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում Ռուսաստանի զինված ուժերի դիրքերում որևէ զգալի փոփոխություն չի նկատվել նույնիսկ այն բանից հետո, երբ ռուսաստանամետ ակտիվիստները զբաղեցրել են կառավարական շենքերը երկրի երեք քաղաքներում:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաների համաձայն, Ուկրաինայի արևելյան շրջանների մոտակայքում տեղակայված է Ռուսաստանի զինված ուժերի մոտ 40 հազար զինծառայող:

Ուկրաինայի կառավարության երկուշաբթի օրն անցկացված նիստի ընթացքում ժամանակավոր վարչապետ Արսենիյ Յացենյուկի համաձայն, Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնց ընթացքում երկրի երեք քաղաքներում վարչական շենքերը գրավվել են ռուսաստանամետ ակտիվիստների կողմից, Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման և Ռուսաստանի զորքերի հետագա ներխուժման ծրագրի մաս են կազմում:

Յացենյուկն իր խոսքում նշել է, որ Ռուսաստանի զորքերը գտնվում են Ուկրաինայի սահմաններից 30 կիլոմետր հեռավորության վրա:

«Գործի մեջ է դրվում հակաուկրաինական ծրագիր, որի համաձայն օտարերկրյա զորքերը կհատեն սահմանը և կգրավեն երկրի տարածքը: Մենք նման բան թույլ չենք տա», - ասել է Ուկրաինայի ժամանակավոր վարչապետը:
XS
SM
MD
LG