Մատչելի հղումներ

ՆԱՍԱ-ն ներկայացնում է Պլուտոնից ստացված առաջին լուսանկարները


ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ներկայացրել է տիեզերանավից արված Պլուտոն թզուկ մոլորակի որոշ լուսանկարներ: «Նյու Հորայզընս» տիեզերանավը մեկ տասնամյակի ընթացքում 4 միլիարդ 8ՕՕ միլիոն կիլոմետր ճանապարհ է կտրել-անցել այդ մոլորակը մոտ տարածությունից ուսումնասիրելու համար:

Պլուտոնի նկարները «Նյու Հորայզընս» տիեզերանավի կողմից արվել են 50 000 կիլոմետր ժամ արագությամբ թռչելու ընթացքում: ՆԱՍԱ-ի գիտնականները նշում են, որ պատկերները նախկինում դժվար հասանելի տեղեկություն են տալիս արեգակնային համակարգի արտաքին եզրագծի վերաբերյալ:

Ըստ ՆԱՍԱ-ի երկրաբանության ու երկրաֆիզիկայի մասնագետ Ջոն Սպենսերի՝ Պլուտոնի որոշ հատվածներ բավականին երիտասարդ են.

«Նրանք չունեն խառնարաններ, որոնք կարելի է տեսնել հին մակերեսների վրա: Ուստի Պլուտոնը խիստ գործուն է իր ընդերքում, այն կերտում է նորանոր մակերեսային շերտեր՝ գործընթացներ որ մենք դեռ պետք է հասկանանք»:

Տիեզերանավը Պլուտոնի հիասքանչ նկարներ է ուղարկում, որոնք մոլորակին խիստ մերձ տարածությունից են արվել: Ըստ ՆԱՍԱ-ի այս ծրագրի գիտնական Կաթի Օլքինի, Պլուտոնի լեռների ու ջրի երկրաբանությունը այն չէ ինչ ակնկալվում էր.

«Այս լեռները խոյանում են հարաբերականորեն հարթ տարածքում, որը ինքնըստինքյան արդեն հետաքրքրական է, քանի որ իրենք կարծում էին, որ ավելի մեծ խառնարաններ կլինեն մոլորակի վրա: Իսկ լեռները, որ ավելի քան 3400 մետր բարձրություն ունեն, ուղղակի զարմանահրաշ են»:

Ըստ գիտնականների՝ այս լուսանկարները ավելի քան մեկ տարի դեռ պետք է ուսումնասիրվեն, սակայն արդեն ստացված տեղեկությունները հերքել են այն բոլոր ենթադրությունները, որ շրջանառվում էին Պլուտոնի վերաբերյալ:

«Նյու Հորայզընս» ծրագրի թիմը ուրախացել է, որ տիեզերանավը որևէ վնասվածք չի ստացել Պլուտոնի շուրջը պտտվող բնական արբանյակների հետ բախվելիս: Նրանցից ամենամեծի՝ Շարոնի լուսանկարները նույնպես նմանատիպ անսպասելի տեղեկություններ են տվել:

ԱՄՆ-ն առաջին պետությունն է, որը հասել է Պլուտոնին: Ամերիկացիները այս տիեզերական առաքելության ընթացքում արդեն իսկ այցելել են արեգակնային համակարգի բոլոր մոլորակները:

XS
SM
MD
LG