Երևանում ծավալվող համաժողովրդական շարժմանը իրենց աջակցությունն են հայտնել նաև սփյուռքի մի շարք կազմակերպություններ: Շատ կազմակերպություններ դեռևս սպասում են՝ հարցի շուրջ ճիշտ կողմնորոշվելու համար: Սակայն կան նաև կազմակերպություններ, որոնք բացահայտ պաշտպանել են շարժումը: Աջակցող կազմակերպություններից ԱՄՆ-ի մեկը մայրաքաղաք Վաշինգտոնից գործող «Փոլիսի Ֆորում Արմենիա» հետազոտական, հասարակական քաղաքական կազմակերպություն է, որը հանդես է գալիս Հայաստանում համակարգային բարեփոխումներ իրականացնելու դիրքերից:
Պրոֆեսոր Զավեն Քալայջյանը այդ կազմակերպության ակտիվ գործիչներից է և «ՓՖԱ»-ի ղեկավար գործադիր վարչության անդամ ու ավագ գիտաշխատող. "Մենք աջակցում ենք ցուցարարների նպատակներին ու թեև տեղում ներկայացված չենք, սակայն պատրաստ ենք օգնելու խորհրդատվությամբ, հետազոտություններով ու այլ հնարավոր միջոցներով, եթե ցուցարարների դրա կարիքը զգան":
«Փոլիսի Ֆորում Արմենիան» իր աջակցությունն է հայտնում բողոքի ցույցի մասնակիցներին ու նշում, որ կարող են նեցուկ լինել նրանց՝ օգնելով գիտական խորհրդատվության ու այլ մակարդակներով, եթե որեւէ դիմում կամ խնդրանք լինի:
Միևնույն ժամանակ շարժման շուրջ ակնհայտ զուսպ պահվածք են դրսևորում ԱՄՆ-ի պետական մարմինները: Ժողովրդավարության ու մարդու իրավունքների գծով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Մալինովսկին նախորդ օրը նշեց, որ ցույցերի էության շուրջ իրենք, որևէ մեկնաբանություն չունեն: «Սակայն պետք է նշեմ, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ազատ հավաքներ կազմակերպելու ու դրանց մասնակցելու իրավունք», - ասել է Մալինովսկին:
Մինչ այժմ հիմնականում չեզոք դիրքերից հնչող հայտարարություններն ըստ երևույթին պայմանավորված են ցույցերի ոչ քաղաքական բնույթի ու զուտ սոցիալական հենք ունենալու փաստի հետ: Հուսանք, ցույցերը կհասնեն իրենց նպատակին առանց բռնությունների ու մարդու իրավունքների ոտնահարման` արժանանալով տարբեր կազմակերպությունների ու պետական քաղաքական գործիչների դրական գնահատականին