Մատչելի հղումներ

Սիրիա է ժամանել խաղաղության միջազգային հանձնակատարը


Սիրիայի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի հանձնակատար Լախդար Բրահիմի
Սիրիայի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի հանձնակատար Լախդար Բրահիմի

Այցի ընթացքում հանձնակատարը հանդիպումներ կունենա Սիրիայի պետական պաշտոնյաների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Սիրիայի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի հանձնակատարն այսօր պաշտոնական առաջին այցով ժամանել է Դամասկոս՝ վերսկսելով երկրում շարունակվող բռնությունները դադարեցնելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը:

Հանձնակատար Լախդար Բրահիմիի խոսնակի համաձայն, հինգշաբթի օրը մեկնարկած այցի ընթացքում հանձնակատարը հանդիպումներ կունենա Սիրիայի պետական պաշտոնյաների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Բրահիմիի խոսնակը սակայն չի հայտնել, արդյոք ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատարը հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այս շաբաթվա սկզբին այնուամենայնիվ ասել էր, թե խաղաղության հանձնակատարը «շուտով» հանդիպումներ կունենա Ասադի հետ:

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների խաղաղության նորանշանակ հանձնակատարը չորեքշաբթի օրը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ բանակցություններ է վարել Արաբական պետությունների պաշտոնյաների հետ:

Բրահիմին ՄԱԿ-ի և Արաբական պետություններին խաղաղության հանձնակատարի պաշտոնում փոխարինել է Քոֆի Անանին, որին չէր հաջողվել Սիրիայում հասնել հրադադարի հաստատմանն ու մեկնարկել անցումային կառավարության ստեղծման շուրջ բանակցություններ:

Սիրիայում նախագահ Ասադին հավատարիմ և երկրի հակակառավարական ուժերի միջև արդեն 18 ամիս շարունակվող բախումների պատճառով զոհվել է մոտ 20 հազար մարդ:
XS
SM
MD
LG