Մատչելի հղումներ

Ամերիկյան ռազմանավերի մեծ մասը տեղակայվելու է ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում



ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Փանեթան հայտարարեց, ԱՄՆ-ը եկող մի քանի տարիների ընթացքում իր ռազմանավերի մեծ մասը տեղակայելու է ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ որպես Ասիայում ԱՄՆ-ի նոր ռազմավարության բաղկացուցիչ մաս։


Շաբաթ օրը հանդես գալով Սինգապուրում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան 3Օ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ՝ նա ասաց, թե իր երկիրը Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսներում հավասարապես տեղաբաշխված ռազմանավերի 6Օ տոկոսը վերատեղակայելու է Խաղաղ օվկիանոսում։


Իր ելույթում Փանեթան ընդգծեց, որ այս քայլը չպետք է դիտարկվի Չինաստանի հետ առկա տարաձայնությունների տեսանկյունից։

Պաշտպանության նախարարն ասաց, թե ամերիկյան ուժերի վերատեղաբաշխումն իր ավարտին կհասնի 2Օ2Օ թվականին։ Նա խոստացավ նաեւ ընդլայնել ամերիկյան ռազմախաղերը Խաղաղ օվկիանոսում եւ ՝՝նավահանգստային այցելությունները՛՛ Հնդկական օվկիանոսում։

Սենատոր Ջոն Մաքքեյնը, որը սենատոր Ջո Լիբերմանի հետ միասին նույնպես մասնակցում է վեհաժողովին, ասել է, թե ցանկանում է ավելի շատ տեղեկություններ ստանալ այս տարածաշրջանում Չինաստանի ռազմական մտադրությունների ու ծրագրերի մասին։
՝՝Չեմ ցանկանում ենթադրել, որ Չինաստանի ռազմական կառույցներն անպայմանորեն ուղղված են ընդդեմ ԱՄՆ-ի, սակայն այստեղ զինուժի վրա ծախսվող գումարների ծավալի մասին տեղեկությունների բացակայությունը մտահոգում է ինձ՛՛, ասել է Մաքքեյնը։




XS
SM
MD
LG