«Աֆղանստանում միջազգային կոալիցիան մեղադրել է Պակիստանին թալիբներին գաղտնի օժանդակություն տրամադրելու մեջ»:
Նման հայտարարությամբ հանդես են եկել «The Times» թերթը և «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը, որոնց տրամադրության տակ է հայտնվել ՆԱՏՕ-ի մի հաշվետվություն, որտեղ նշված է, թե Պակիստանի «ISI» հետախուզական գործակալությունը աջակցություն է տրամադրում Աֆղանստանի թալիբներին:
Ըստ հաշվետվության, թալիբները համոզված են, որ 2014 թվականին ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրս բերելուց հետո նրանց հաղթանակն «անխուսափելի» է:
Գաղտնի այս փաստաթուղթը, ըստ հաղորդագրության, կազմվել է գերի ընկած թալիբների և «ալ-Քայիդա»-ի 4 հազար անդամների հարցաքննության արդյունքում:
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հաշվետվությունը՝ «մակերեսային» անվանելով այն և ասելով, որ Իսլամաբադը «նվիրված է Աֆղանստանում չմիջամտելու քաղաքականության և ակնկալում է, որ այլ երկրները նույնպես խիստ կհետևեն այդ սկզբունքին»:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորությամբ գործող ուժերի խոսնակը սակայն հաստատել է նման հաշվետվության գոյությունը՝ հավելելով սակայն, որ այն արդեն 11 տարի ընթացող պատերազմի վերլուծություն չէ: