Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահները «ափսոսանք են արտահայտել հրադադարի շարունակվող խախտումներով»


«Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են խաղաղության գործընթացի տարրերը և շեշտվել է, որ հարատև կարգավորման համար հիմք են մնում համանախագահ պետությունների նախագահների կողմից 2009 և 2013 թվականներին արված հայտարարություններում նախանշված տարրերը»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ինչպե նաև խմբին միացած առաջիկայում նշանակվելիք ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոն տարածաշրջան մայիսի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում կատարած այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ափսոսանք են արտահայտել հրադադարի շարունակվող խախտումներով և դրանց հետևանքով տեղի ունեցող զոհերով:

Այցի ընթացքում համանախագահների հիմնական նպատակը եղել է ծանոթանալու, իրենց մանդատի համաձայն, Լեռնային Ղարաբաղում, Քելբաջարում և Լաչինում տիրող իրավիճակին:

«Այս շրջաններում այցելություն կատարելու ժամանակ համանախագահներն ականատեսը դարձան ենթակառուցվածքի բարելավման, սակայն նրանց չի հաջողվել նկատել որևէ նշան այն բանի, որ վերջին տարիներին փոփոխություն է գրանցել բնակչության քանակը», - ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել են նաև, որ այցելություն են կատարել Սարսանգի ջրամբար, որտեղ քննարկել են ջրամբարի կարգավիճակն ու աշխատանքը կառույցի ղեկավարության հետ, և հույս են հայտնել, որ երկու կողմերը ձեռք կբերեն ջրային այս ռեսուրսներն ի շահ տարածաշրջանի համատեղ օգտագործման համաձայնություն:

«Համանախագահները մայիսի 19-ին հատել են շփման գիծը Թերթերի մոտակայքում: Նրանք ափսոսանք են արտահայտել հրադադարի շարունակվող խախտումներով և դրանց հետևանքով տեղի ունեցող զոհերով: Հրադադարի խախտումների հետաքննման մեխանիզմի բացակայությունը թույլ է տալիս կողմերին մեղադրանքներ ներկայացնել միմյանց», - ասված է հաղորդագրության մեջ:

Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ ասված է նաև, որ նրանք քաղաքավարության այցելություն են կատարել՝ հանդիպելով Երևանի և Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Քելբաջարի դե ֆակտո իշխանությունների և տեղի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելել են նաև Լաչին, իսկ Բաքվում հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ:

«Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են խաղաղության գործընթացի տարրերը և շեշտվել է, որ հարատև կարգավորման համար հիմք են մնում համանախագահ պետությունների նախագահների կողմից 2009 և 2013 թվականներին արված հայտարարություններում նախանշված տարրերը», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
XS
SM
MD
LG