Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ


Հայաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը ներկայացրել է Նիդերլանդների վարչապետի հետ հանդիպման ընթացքում

Աշխատանքային այցով Նիդերլանդներում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները Հայաստանի նախագահի հետ նախօրեին անցկացված հանդիպման ընթացքում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Հայաստանի նախագահ Սարգսյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

«Սերժ Սարգսյանը կարևորել է անցած տարիներին ձեռքբերված Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակի պահպանումն ու դրա հետագա խորացումը՝ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երկկողմ համատեղ հայտարարության և Հայաստանի արտգործնախարարի ու ԵՄ-ի Բարձր ներկայացուցչի միջև փոխանակված նամակների համապատասխան», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հայաստանի նախագահի և Նիդերլանդների վարչապետի միջև հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ: Նախագահ Սարգսյանը վարչապետ Ռուտեին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Նիդերլանդներ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հայաստանի նախագահն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական հարցերին, հայ-նիդերլանդական երկկողմ կապերի ներկա վիճակին և երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարին, պատասխանել նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին», ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG