Մատչելի հղումներ

ՔԶԱԿ. «Սիրիան ժամանակին է կատարել քիմիական զենք արտադրող սարքավորումների ոչնչացման աշխատանքները»


ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հանձնակատարը շարունակում է հանդիպումները Սիրիա կատարվող պաշտոնական այցի շրջանակներում

Սիրիայում քիմիական զինանոցի ոչնչացման ծրագիրը վերահսկող Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը տեղեկացրել է, որ Սիրիայի կառավարությունը ժամանակին է կատարել քիմիական զենք արտադրող սարքավորումների ոչնչացման աշխատանքները:

Կազմակերպությունը հինգշաբթի օրը տեղեկացրել է, որ տեսուչները հաստատել են Սիրիայի կողմից քիմիական զենքի արտադրության բոլոր սարքավորումները շարքից դուրս հանելու փաստը:

Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենք արտադրող սարքավորումների ոչնչացման աշխատանքներն ավարտելու վերջնաժամկետը լրանում է նոյեմբերի 1-ին, իսկ մինչև նոյեմբերի 15-ն այն պետք է ներկայացնի մինչև գալիք տարվա կեսը քիմիական զինանոցն ամբողջությամբ ոչնչացնելու մանրամասն ծրագիրը:

Այս ընթացքում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հանձնակատար Լախդար Բրահիմին շարունակում է հանդիպումները Սիրիա կատարվող իր պաշտոնական այցի շրջանակներում: Բրահիմին հինգշաբթի և ուրբաթ օրերին հանդիպումներ կանցկացնի ընդդիմադիր և կանանց կազմակերպությունների հետ, որից հետո կուղևորվի Լիբանան՝ այս երկրի պաշտոնյաների հետ «Ժնև-2» խաղաղության համաժողովի անցկացման շուրջ բանակցություններ վարելու նպատակով:

Բրահիմին նախօրեին հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, որի ընթացքում Ասադը զգուշացրել է, որ երկրում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու նպատակով բանակցությունների անցկացումը կարող է հաջողությամբ պսակվել միայն այն դեպքում, եթե այլ պետությունները դադարեցնեն ապստամբների խմբավորումներին տրամադրվող աջակցությունը:
XS
SM
MD
LG