Մատչելի հղումներ

Լոս Անջելեսում 100-ամյա վարորդի մասնակցությամբ վթարի պատճառով կան բազմաթիվ տուժածներ


Վթարի պատճառն է դարձել վարորդի սխալը, ինչն անմիջական կապ ունի իր տարիքի հետ

Լոս Անջելեսի հարավային շրջաններից մեկում 100-ամյա վարորդն իր մեքենան ուղևորել է դեպի մայթ՝ վթարի ենթարկելով 11 մարդ, որոնցից 9-ը եղել են դպրոցականներ, 2-ը՝ մեծահասակներ:

Քաղաքի հրշեջ ծառայության պաշտոնյաներից մեկի համաձայն, երեխաներից չորսը փրկարարների ժամանելու ժամանակ եղել են կրիտիկական վիճակում, սակայն հիվանդանոց հասնելուն պես վիճակը կայունացվել է: Պաշտոնյայի համաձայն, վնասվածքներ ստացած անձանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

«Վաշինգտոն փոստ» պարբերականը, վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ կապույտ գույնի «Կադիլակ» մակնիշի մեքենան դանդաղորեն հետ է շարժվել՝ վրաերթի ենթարկելով սնունդ գնելու հերթում կանգնած դպրոցականներին և մեծահասակներին: Փորձելով դադարեցնել մեքենայի ընթացքը՝ մարդիկ բղավել և խփել են մեքենայի պատուհաններին, սակայն մեքենան կանգ են առել այն ժամանակ, երբ մի քանի երեխա արդեն հայտնվել էին մեքենայի տակ:

Մեքենայի վարորդը՝ Փրեստոն Քարտերը, ըստ հաղորդագրությունների, ասել է, թե վթարի պատճառը դարձել է շարքից դուրս եկած արգելակման համակարգը, և իր խորը վիշտն է հայտնել տեղի ունեցածի պատճառով:

Քարտերի համաձայն, սեպտեմբերին լրանում է իր 101-ամյակը, սակայն նա դեռևս վարորդական իրավունք ունի:

Ոստիկանության ծառայողները սակայն պնդում են, որ վթարի պատճառն է դարձել վարորդի սխալը, ինչն անմիջական կապ ունի նրա տարիքի հետ:

«Կալիֆորնիա նահանգի շարժիչային տրանսպորտային միջոցների վարչության համաձայն, 70 տարին լրացած անձինք պետք է վարորդական իրենց իրավունքը նորացնեն անձամբ, այլ ոչ թե հեռախոսով կամ համացանցի միջոցով: Տեսողության ստուգումը չանցնելու կամ ոստիկանության ծառայողի, բժշկի կամ ընտանիքի անդամի կողմից մեքենա վարելու ունակության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում տարեց վարորդներից կարող է պահանջվել հանձնել մեքենա վարելու լրացուցիչ քննություն», - գրում է օրաթերթը:
XS
SM
MD
LG