Մատչելի հղումներ

«Shift:Tech» նախաձեռնությունը՝ Հայաստանում


Ամերիկյան «Huffinghton Post» պարբերականն անդրադարձ է կատարել «ONEArmenia» կազմակերպության «Shift։Tech» անվանումը ստացած վերջին նախաձեռնությանը

Ամերիկյան «Huffinghton Post» պարբերականն անդրադարձ է կատարել «ONEArmenia» կազմակերպության «Shift:Tech» անվանումը ստացած վերջին նախաձեռնությանը:

Հոդվածի հեղինակ Քրիստոֆեր Ադամյանը պարբերականում հրապարակված իր հոդվածում նշում է, որ «ONEArmenia»-ի կողմից իրականացվող յուրաքանչյուր նախագիծ կառուցվածքային խորը փոփոխություններ է իրականացնում Հայաստանում։

«Գովազդի ոլորտում ղեկավար պաշտոն զբաղեցնող գործարար Փեթրիք Սարգսյանը հիմնադրել է «ONEArmenia»-ն 2012 թվականին՝ նպատակ հետապնդելով գործի դնել երկրի ինտելեկտուալ և մշակութային ներուժը և նպաստել հայ երիտասարդ սերնդին կոռուպցիայից ու ընդհանուր առմամբ հետխորհրդային բոլոր երկրներում առկա բացասական մթնոլորտից պաշտպանելուն», - հոդվածում գրում է Ադամյանը, որն այնուհետ վերհիշում է հայ ժողովրդի հին ու նոր պատմության որոշ փաստեր:

Ըստ «Huffinghton Post»-ում հրապարակված հոդվածի հեղինակի, պատմական այս բոլոր իրադարձությունների հետևանքով շատ հայեր դարձել են մռայլ, ավելացել է Հայաստանից արտագաղթի դիմող մարդկանց թիվը, երկրում անկառավարելի է դարձել կաշառակերությունը:

Հեղինակի համաձայն, Սարգսյանին ու «ONEArmenia»-ի նրա գործընկերներին բավական կարճ ժամանակահատվածում հաջողվել է միավորել համախոհ ձեռնարկատերերին, մշակույթի ոլորտի գործիչներին, այն թվում՝ ձեռնարկատեր Ջեյմս Թուֆենկյանին:

Ադամյանն իր հոդվածում գրում է, որ «ONEArmenia»-ի հիմքում ընկած են համացանցի միջոցով հասարակության լայն զանգվածների ներգրավումը հասարակության հանդեպ ծառացած խնդիրների հետազոտության և լուծման գործում՝ «քրաուդսորսինգի», ինչպես նաև նույն սկզբունքով ֆինանսավորման հայթայթման՝ «քրաուդֆանդինգի» օգտագործման գաղափարները, որոնց միջոցով հնարավոր է դառնում հավաքել ֆինանսական միջոցներ մարդասիրական, բնապահպանական ու տեխնոլոգիական ոլորտի համար անհրաժեշտ նախագծերի իրականացման համար:

Ըստ հեղինակի, հատկանշական է, որ նախագծին տրամադրվող ֆինանսական յուրաքանչյուր նվիրատվություն բացառապես զերծ է կոռուպցիոն երևույթներ առաջացնելուց, ինչը հնարավոր ներդրողների համար նախագծի ամենագրավիչ բնութագրերից է:

«Huffinghton Post» պարբերականում հրապարակված հոդվածում ասված է, որ
կազմակերպության բազմաթիվ նախագծերից առավել գրավիչ էր «Shift։Culture» մշակութային նախագիծը, որին մասնակցության դիմումներ ուղարկվել էին ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ամենատարբեր անկյունների հայկական սփյուռքից: Այս նախագիծն ունեցել է այնպիսի հաջողություն, որ Սարգսյանը նախաձեռնել է «ONEArmenia» կազմակերպության ներկայիս «SHIFT:Tech» նախագիծը, որը, ըստ հոդվածի հեղինակի, «բաց կոչ է՝ Հայաստանում մշակելու համաշխարհային շուկայի համար նախատեսված բջջային ծրագիր»:

«Հայաստանը 99 տոկոս գրագիտություն ունեցող երկիր է, որտեղ գործազրկությունը կազմում է 36 տոկոս: Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել Հայաստանի մեծ հաջողություններ գրանցած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա, որն արդեն իսկ երկիր է բերել հարյուր միլիոնավոր դոլարի ծավալով գումարներ», - ասում է «ONEArmenia»-ի հիմնադիր Սարգսյանը:

«Հայաստանը 99 տոկոս գրագիտություն ունեցող երկիր է, որտեղ գործազրկությունը կազմում է 36 տոկոս: Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել Հայաստանի մեծ հաջողություններ գրանցած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա, որն արդեն իսկ երկիր է բերել հարյուր միլիոնավոր դոլար ծավալի գումարներ», - ասում է «ONEArmenia»-ի հիմնադիր Սարգսյանը:
XS
SM
MD
LG