Մատչելի հղումներ

Օբաման կոչ է արել Իսրայելին և պաղեստինցիներին նստել բանակցությունների սեղանի շուրջ


«Բանակցելն անմիտ է, եթե կողմերից մեկն ակնկալում է, որ ուղիղ բանակցություններ կարելի է մեկնարկել միայն այն դեպքում, եթե բոլոր խնդիրները վաղօրոք լուծված լինեն»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորել է Իսրայելին և պաղեստինցիներին մեկնարկել վերջիններիս միջև հակամարտության հիմնական խնդիրների քննարկմանն ուղղված խաղաղության բանակցություններ՝ չսպասելով, որ այդ վեճերը լուծված կլինեն նախքան բանակցություններ անցկացնելը:

Այս կոչով նախագահ Օբաման դիմել է հինգշաբթի օրը Ռամալլահ քաղաքում պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ համատեղ ասուլիս վարելու ժամանակ:

Նախագահ Օբամայի համաձայն, «բանակցելն անմիտ է», եթե կողմերից մեկն ակնկալում է, որ ուղիղ բանակցություններ կարելի է մեկնարկել միայն այն դեպքում, եթե բոլոր խնդիրները վաղօրոք լուծված լինեն:

Ասուլիսի ժամանակ պաղեստինցիների նախագահ Աբբասը վերահաստատել է իր դիրքորոշումն այն հարցի շուրջ, որ Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցմանն ուղղված գործողություններն անօրինական են: Նա ասել է, թե պաղեստինցիների կառավարությունը պատրաստ է կյանքի կոչելու միջազգային հանրության առջև ստանձնած բոլոր պարտականությունները և իրականացնել «երկու պետություն» լուծումը:

Նախագահ Աբբասն ասել է նաև, որ լուրջ է վերաբերվում պաղեստինցիների միջև հաշտության գալու հարցին՝ անդրադառնալով իսլամիստ զինյալների «Համաս» խմբավորման հետ հաշտությանը: «Համաս»-ի Գազայի գոտուց 2007 թվականին վտարել էր Աբբասին հավատարիմ ուժերը:

Իսրայելի ոստիկանությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ «Համաս»-ի կառավարման տակ գտնվող Գազայի գոտուց Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել էր երկու հրթիռ, որոնք սակայն նշանակալի ավերածությունների և զոհերի պատճառ չեն դարձել:
XS
SM
MD
LG