ԱՄՆ-ի Սպիտակ տանը հունվարի 30-ին կայանալու է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Վրաստանի իր գործընկերոջ հետ:
Այս հանդիպումը լինելու է Բարաք Օբամայի և Միխաիլ Սահակաշվիլիի արդեն երրորդ հանդիպումը, սակայն առաջինը՝ Սահակաշվիլիի գործընկերոջ հրավերով պաշտոնական այցի շրջանակներում:
Սահակաշվիլիի այցը զուգադիպել է Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձի հետ:
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուրա Յակոբաշվիլի հայտարարության համաձայն, այս հանդիպման արդյունքներով «Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, ներառյալ անվտանգության ոլորտում, կբարձրանան նոր մակարդակի վրա»:
Վրաստանի նախագահի վարչակազմն ավելի վաղ հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին խարտիայով նախատեսված համագործակցության «բոլոր ուղղությունները», ինչպես նաև միջազգային անվտանգության մարտահրավերներին արձագանքելուն ուղղված համատեղ քայլերը:
Այնուամենայնիվ, Վրաստանի ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարություններով, որոնց համաձայն Օբաման Սահակաշվիլիին հրավիրել է Սպիտակ տուն՝ Իրանի դեմ պատերազմ ծավալելու դեպքում Վրաստանի տարածքն օգտագործելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով:
Վրաստանի արտգործնախարարությունը հրաժարվել է այս հայտարարությունները մեկնաբանելուց: