Մատչելի հղումներ

Օբաման և Ռոմնին այսօր կրկին կհանդիպեն Նյու Յորքում


Նախագահի երկու թեկնածուները հրավիրվել են Նյու Յորքի կաթոլիկ առաջնորդարանի կողմից «Ուալդորֆ-Աստորիա» շքեղ հյուրանոցում կազմակերպված ճաշկերույթի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին թեժ հեռուստաբանավեճ անցկացնելուց երկու օր անց կրկին կհանդիպեն Նյու Յորքում, սակայն այժմ շատ ավելի խաղաղ միջավայրում:

Նախագահի երկու թեկնածուները հրավիրվել են Նյու Յորքի կաթոլիկ առաջնորդարանի կողմից «Ուալդորֆ-Աստորիա» շքեղ հյուրանոցում կազմակերպված ճաշկերույթի: Ճաշկերույթը կրում է Նյու Յորք նահանգի դեմոկրատ նախկին նահանգապետ Էլ Սմիթի անունը, որը 1928 թվականին դարձել էր նախագահական ընտրություններում մասնակցած կաթոլիկ առաջին թեկնածուն:

Ի տարբերություն Նյու Յորքի Հոֆստրա համալսարանում երեքշաբթի ուշ երեկոյան քննադատական կարծիքների փոխանակման, այս միջոցառման ընթացքում, պահպանելով միջոցառման ոգին և ավանդույթները, նախագահ Օբաման և Միթ Ռոմնին հանես կգան հումոր պարունակող ելույթներով:

Ճաշկերույթի արդյունքում միլիոնավոր դոլար ֆինանսական օգնություն է հավաքվում Նյու Յորքի կաթոլիկ առաջնորդարանի խնամքի տակ գտնվող աղքատ և կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Այս ճաշկերույթում առաջին անգամ մասնակցություն ունեցած ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներն են եղել այնժամյա դեմոկրատ սենատոր Ջոն Քենեդին և հանրապետական փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնը՝ դեռևս 1960 թվականին: Նախագահ Օբաման 2008 թվականին մասնակցել էր այս միջոցառմանը, որն այցելել էր նաև նախագահի հանրապետական թեկնածու, սենատոր Ջոն ՄըքՔեյնը:

Նախագահ Օբաման հինգշաբթի օրը ճաշկերույթին մասնակցելուց առաջ ընտրողների հետ հանդիպումներ կանցկացնի հյուսիս-արևելյան Նյու Հեմփշիր նահանգում: Օհայո և Այովա նահանգներում, որտեղ նախագահ Օբաման ընտրողների հետ հանդիպումներ է ունեցել չորեքշաբթի օրը, վերջինիս անունից համերգներ կտա ճանաչված ռոք երաժիշտ Բրյուս Սպրինգստինը:

Միթ Ռոմնին չորեքշաբթի օրն ընտրողների հետ հանդիպումներ է ունեցել Վիրջինիա նահանգում: Հինգշաբթի օրը նախագահի հանրապետական թեկնածուն նախընտրական հավաքներ անցկացնել չի նախատեսում:
XS
SM
MD
LG