Մատչելի հղումներ

Օբաման և Ռոմնին քննարկել են ԱՄՆ-ի տնտեսական խնդիրները


Միթ Ռոմնին պնդել է, թե Օբամային ևս չորս տարով ընտրելու դեպքում «կավելանան ԱՄՆ-ի միջին դասի տառապանքները»

ԱՄՆ-ի 2012 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում անցկացված առաջին հեռուստաբանավեճի ժամանակ հանրապետական նախագահական թեկնածու Միթ Ռոմնին ագրեսիվ դիրք էր ընդունել տնտեսության, առողջապահության, կրթության և կառավարության դերի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ունեցած դիրքորոշման նկատմամբ:

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնին ասել է, որ Օբամայի կողմից բարձր հարկադրույքներ և կառավարական ծախսեր կատարելու վերաբերյալ ունեցած մոտեցումը նման է «կառավարության կողմից վերևից ներքև իջեցվող նյութական արժեքների քաղաքականության», որը վնաս է հասցնում Միացյալ Նահանգների տնտեսությանն ու ավելացնում դաշնային պակասորդը:

Ռոմնիի համաձայն, միջին դասի ամերիկացիները «թաղված» են առավել բարձր հարկադրույքների տակ, և որ ինչպես ձեռնարկությունների նկատմամբ կիրառվող, այնպես էլ անհատական հարկադրույքները պետք է իջեցվեն:

Նախագահ Օբաման, արձագանքելով մրցակցի պնդումներին, ասել է, թե հարկադրույքների, մասնավորապես՝ հարուստ ամերիկացիների հարկերի նվազեցման հետևանքով կարող է մեծ վնաս հասցվել ներպետական մեծ նշանակություն ունեցող որոշ ծրագրերին:

Նախագահը նշել է, որ չնայած դաշնային կառավարության «առաջնային նպատակը» ժողովրդի անվտանգության ապահովումն է, այն պետք է նաև ստեղծի քաղաքացիներին հաջողության հասնելու նպաստող պայմաններ: Նախագահը հիշեցրել է նաև, որ անցյալում կառավարությունն օգնել է կառուցել երկաթուղային ճանապարհներ, հետազոտական և կրթական հաստատություններ:

Բանավեճ է ծավալվել նաև նախագահ Օբամայի կողմից ԱՄՆ-ի Կոնգրեսի միջոցով անցկացված առողջապահական ոլորտի բարեփոխումների ծրագրի շուրջ: Ռոմնին վերահաստատել է իր պարտավորությունը՝ դադարեցնել որպես «Օբամաքեյր» հայտնի օրենքի գործողությունը նախագահական պաշտոնում ընտրվելու դեպքում: Նա քննադատել է նախագահին պաշտոնը զբաղեցնելու առաջին տարիների ընթացքում առողջապահության ոլորտի վրա կենտրոնանալու համար:

Նախագահ Օբաման իր պատասխանում շեշտել է, որ առողջապահության ոլորտի բարեփոխումները մեծ կարևորություն ունեն մեծ և փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև անհատների համար:

Եզրափակելով բանավեճը, նախագահն ասել է, որ նախատեսում է զարգացնել այն հաջողությունները, որոնց կարողացել է հասնել նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջին չորս տարիների ընթացքում, մինչդեռ Միթ Ռոմնին պնդել է, թե Օբամային ևս չորս տարով ընտրելու դեպքում «կավելանան ԱՄՆ-ի միջին դասի տառապանքները»:

Նախագահական թեկնածուների հաջորդ բանավեճը կկայանա հոկտեմբերի 16-ին: Այս բանավեճի ընթացքում Օբաման և Ռոմնին կպատասխանեն բանավեճի ունկնդիրների հարցերին:
XS
SM
MD
LG