Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման գովասանքի խոսքեր է ուղղել ԱՄՆ-ի Կոնգրեսին


ԱՄՆ-ի նախագահը սակայն զգուշացրել է, որ երկրի պետական բյուջեի պակասորդը դեռևս չափազանց բարձր է

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն իր նախագահության «հիմնարար խոստումը» կատարելու գործում հաղթանակ է գրանցվել՝ երկրի հարկային օրենսդրությունում նկատվել է հարուստների նկատմամբ կիրառվող հարկադրույքները բարձրացնելու միտում:

Նախագահ Օբաման շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատի կուսակցությունների ներկայացուցիչներին և փոխնախագահ Ջո Բայդենին «ֆինանսական ժայռը»՝ հարկադրույքների ինքնաբերաբար ավելացումն ու պետական ծախսերի պարտադիր կրճատումը կանխող օրինագիծ ընդունելու համար:

«Բյուջեի շուրջ մինչ օրս ձեռք բերված բոլոր համաձայնությունները ապացուցել են, որ առաջընթացի ճանապարհը բաց է, և որ առաջընթացը հնարավոր է այն դեպքում, եթե մենք կենտրոնանանք ոչ թե մեր քաղաքական շահերի, այլ երկրի համար բարենպաստ քայլերի վրա», - ասել է նախագահ Օբաման:

ԱՄՆ-ի նախագահն այնուամենայնիվ զգուշացրել է, որ պետական բյուջեի պակասորդը դեռևս չափազանց բարձր է, սակայն ինքը չի նախատեսում Կոնգրեսի հետ բանակցություններ վարել պետական փոխառությունների առավելագույն սահմանը բարձրացնելու ուղղությամբ:

«Համաշխարհային տնտեսության համար դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ՝ շատ ավելի խորը, քան «ֆինանսական ժայռ»-ի հետևանքները», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Օբաման շեշտել է, որ պետական բյուջեի պակասորդի նվազեցումը պետք է իրականացվի «հավասարակշռված» եղանակով, և այդ նպատակից ինքը չի շեղվի այնքան ժամանակ, որքան կմնա նախագահի պաշտոնում:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամները նախօրեին հավանության են արժանացրել «ֆինանսական ժայռ»-ի կանխմանը նպաստող օրինագիծը:
Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը երեք օր ինտենսիվ բանակցություններից հետո ձայների 257-ը՝ կողմ, 167-ը՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծը: ԱՄՆ-ի Սենատը նույն օրինագիծը հավանության է արժանացրել 2013 թվականի հունվարի 1-ի առաջին ժամերին:

XS
SM
MD
LG