Մատչելի հղումներ

Օբաման չի նախատեսում ներգրավել Ամերիկան Սիրիայում ծախսատար պատերազմի մեջ


ԱՄՆ-ի նախագահը չի շտապում ԱՄՆ-ի միջամտության մասին կոչեր անել, քանի որ դա կարող է «ներքաշել ամերիկացիներին այնպիսի մի նախաձեռնության մեջ, որը հակասում է իրենց երկարաժամկետ շահերին»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «խիստ մտահոգիչ և վշտեցնող իրադարձություն» է անվանել Սիրիայում խաղաղ բնակչության ուղղությամբ ըստ էության քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակումը, սակայն շեշտել է, որ չի շտապելու ներգրավել Ամերիկան մեծ ծախսերի հետ կապված նոր պատերազմի մեջ:

Ամերիկյան «Սի-Էն-Էն» լրատվական գործակալության կողմից ուրբաթ օրն անցկացված հարցազրույցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Օբաման անդրադարձել է հարցազրույցը վարողի հիշեցմանն այն մասին, որ ինքը Սիրիայում քիմիական զենքի կիրառումը ժամանակին «կարմիր գիծ» էր անվանել, որը կարող է դառնալ այս երկրում ԱՄՆ-ի կողմից միջամտության դրդապատճառը:

Հարցազրույցում Բարաք Օբաման քիչ հավանական է գնահատել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից ՄԱԿ-ի փորձագետների խմբի հետ համագործակցության հնարավորությունը, որը, քիմիական զենքի ենթադրական կիրառման վայրեր մուտք գործելու հնարավորության արագ տրամադրման դեպքում, կարող է սպառիչ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցածի մասին:

Օբաման այնուամենայնիվ շեշտել է, որ չի նախատեսում հապճեպ արձագանքել և ԱՄՆ-ի միջամտության մասին կոչեր անել, քանի որ դա կարող է «ներքաշել ամերիկացիներին այնպիսի մի նախաձեռնության մեջ, որը հակասում է իրենց երկարաժամկետ շահերին»:

«Երբեմն նկատվում է այն, որ մարդիկ անմիջապես գործողությունների դիմելու կոչեր են անում, գլուխը մտցնում են այնպիսի բաների մեջ, որոնք լավ չեն ավարտվում, ներ են քաշում մեզ շատ բարդ իրավիճակների մեջ, որոնց հետևանքով մենք կարող ենք ներգրավված դառնալ շատ թանկարժեք և դժվարին միջամտությունների մեջ, որոնք կարող են տարածաշրջանում ավելի մեծ վրդովմունք առաջացնել: Միացյալ Նահանգները շարունակում է մնալ միակ այն երկիրը, որը, ըստ մարդկանց ակնկալիքների, կարող է անել ավելին, քան պարզապես պաշտպանել իր սահմանները: Դա սակայն չի նշանակում, որ մենք պետք է անմիջապես ներգրավվենք ամեն ինչի մեջ», - շեշտել է նախագահ Օբաման:

«Մենք պետք է ռազմավարորեն մտածենք այն մասին, թե ինչն է ելնում մեր երկրի երկարաժամկետ շահերից», - ասել է ԱՄՆ-ի նախագահ Օբաման հարցազրույցի ընթացքում:
XS
SM
MD
LG