Մատչելի հղումներ

Օբամա և Նեթանյահու. «Իրանի մտադրությունները պետք է ստուգման ենթարկվեն»


ԱՄՆ-ի նախագահի համաձայն, բանակցությունների սեղան Իրանին բերել են միջազգային արտակարգ պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի օրը Վաշինգտոնում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունները նվազեցնելու նպատակով այս երկրի հետ բանակցությունների անցկացման խնդիրը:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուի համաձայն, Իրանը պետք է ամբողջությամբ դադարեցնի այն, ինչ նա «միջուկային ռազմական ծրագիր» է անվանել:

ԱՄՆ-ի նախագահ Օբաման Իսրայելի առաջնորդի հետ անցկացված բանակցություններից հետո ասել է, որ Իրանի հետ հնարավոր ցանկացած պայմանավորվածություն պետք է վերահսկելի լինի:

«Միանգամայն հասկանալի է, որ լոկ բառերը բավարար չեն, և որ անհրաժեշտ են գործողություններ, որոնք միջազգային հանրությանը վստահություն կներշնչեն այն հարցում, որ նրանք [Իրանը] լիարժեք կատարում են իրենց միջազգային պարտավորությունները և չեն կարող միջուկային զենք ձեռք բերել», - ասել է նախագահ Օբաման:

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, բանակցությունների սեղան Իրանին բերել են միջազգային արտակարգ պատժամիջոցները:

Նախագահ Օբաման ասել է, որ «ԱՄՆ-ը սթափ կմոտենա բանակցություններին»՝ հավելելով, որ Վաշինգտոնը հաստատակամ է վերահսկելիության ամենաբարձր չափանիշների կիրառման հարցում:

Միացյալ Նահանգների նախագահը վերահաստատել է, որ իր երկիրը չի անտեսում որևէ, ընդհուպ մինչև ռազմական, տարբերակ՝ երաշխավորելու համար, որ Իրանում միջուկային զենքի չի ստեղծվի:
XS
SM
MD
LG