Մատչելի հղումներ

Օբաման Աֆրիկայում իրական ժողովրդավարության մասին


Աֆրիկա կատարած այցի վերջում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունեց Աֆրիկայի արտառոց առաջընթացը, հավելելով, որ այն կարող է մշտական լինել միայն շարունակական զարգացման և բոլորի համար ժողովրդավարական կարգեր հաստատելու դեպքում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Աֆրիկայում մեծ ոգեւորությամբ էր ողջունում այս երկրների ձեռքբերումները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների ու վարակվածների թվի կտրուկ անկումից մինչև աղքատության մակարդակի նկատելի կրճատումը. «Ես ձեր առջև եմ կանգնած իբրև հպարտ ամերիկացի, սակայն նաև՝ իբրև աֆրիկացու որդի: ... Արդեն անցյալում են այն հին կարծրատիպերը, որ Աֆրիկան խեղդված է աղքատության և հակամարտությունների մեջ: Աշխարհը պետք է ընդունի Աֆրիկայի աննախընթաց զարգացումը»։

Առանց անվանելու Չինաստանը, որը տարածաշրջանում խոշոր ներդրող է, Օբաման շեշտեց այն հիմնական առանձնահատկությունները, որ ԱՄՆ-ին տարանջատում է Աֆրիկայի մյուս ներդրողներից. «Տնտեսական հարաբերությունները չեն կարող լինել այլ երկրների կողմից զուտ օտար աշխատուժով ենթակառուցվածքների կառուցումով ու Աֆրիկայի բնական ռեսուրսների հանքահանմամբ: Իրական տնտեսական գործընկերությունը պետք է լավ գործարք լինի Աֆրիկայի համար՝ ստեղծելով աշխատատեղեր և կարողություններ աֆրիկացիների համար»:

Սակայն Ամերիկայի ղեկավարը նախազգուշացնում էր, որ մայրցամաքի առաջընթացը խարսխված է հեղհեղուկ հիմքերի վրա, որ հարյուր միլիոնավոր աֆրիկացիներ գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ՝ որևէ հնարավորություն չունենալով օգտվելու հիմնական ենթակառուցվածքներից, նախագահի խոսքերով, միեւնույն ժամանակ առնչվելով կոռուպցիայի քաղցկեղի հետ։

Նա ոգեւորված արձագանքների արժանացավ, երբ խոսեց, թե ինչպես է Աֆրիկայի առաջընթացը կապված ժողովրդավարության հետ, որը վեր է քան զուտ ձևական ընտրությունների անցկացումը. «Երբ լրագրողները հայտնվում են ճաղերի հետևում, իրենց գործը անելու պատճառով, կամ հասարակական գործուն առաջավարներին սպառնում են պաշտոնյաները՝ խարխլելով քաղաքացիական հասարակությունը, այդ դեպքում դուք կունենաք ժողովրդավարություն թղթի վրա, այլ ոչ իրականում»։

Օբաման շեշտեց, որ իր համար անընդունելի է այն առաջնորդների դիրքորոշումը, ովքեր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո չեն ուզում լքել իրենց պաշտոնները կամ դիրքերը։ Նա հիշեցրեց, որ իր պաշտոնավարման ժամկետը շուտով լրանալու է, բայց քանի որ սահմանադրությունը այդպես է պահանջում, նա այլևս չի առաջադրվի։

XS
SM
MD
LG