Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ԱԱԾ-ի տնօրեն. «Հետախուզական ծրագիրը կանխել է մեկ տասնյակից ավելի ահաբեկչական հարձակում»


ԱՄՆ-ի ԱԱԾ-ի տնօրենը խոստացել է գալիք մի քանի օրվա ընթացքում ապագաղտնիացնել որոշ տեղեկություններ՝ ապացուցելու համար, որ հետախուզական ծրագրերը գործում են օրենքի շրջանակներում և ելնելով պետության շահերից

ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, հանդես գալով ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովներից մեկի առջև, ասել է, թե վերջերս բացահայտված հետախուզական ծրագրի միջոցով հնարավոր է եղել կանխել մեկ տասնյակից ավելի ահաբեկչական հարձակում:

Այս մասին ԱՄՆ-ի ԱԱԾ-ի տնօրեն, գեներալ Քեյթ Ալեքսանդերն ասել է՝ հանդես գալով համակարգչային վտանգներն ուսումնասիրող ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովի առջև:

Մի շարք սենատորներ սակայն ավելի մտահոգված են եղել ամերիկացիների հեռախոսային և համակարգչային տեղեկությունները հավաքագրող հետախուզական գաղտնի ծրագրով:

Վերմոնտ նահանգից ընտրված սենատոր Փեթրիք Լիհին հարցրել է ԱԱԾ-ի տնօրենին այն մասին, թե քանի հարձակում է հնարավոր եղել կանխարգելել՝ կիրառելով ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից անմիջապես հետո ընդունված «Հայրենասիրության մասին» ԱՄՆ-ի օրենքի բաժին 215-ով նախատեսված տեղեկությունների հավաքագրման միջոցառումների արդյունքում:

Ալեքսանդեր՝ Այն թույլ է տվել կանխել մեկ տասնյակից ավելի ահաբեկչական իրադարձություն:
Լիհի՝ Լավ, այսպիսով՝ մեկ տասնյակից ավելի: Այժմ 215-ի շրջանակներում մենք հավաքագրում ենք միլիոնավոր գրառումներ, սակայն դրանցից մեկ տասնյակից ավելին է եղել կարևոր կամ վճռորոշ, ճի՞շտ է: Մեկ տասնյակից ավելին»:
Ալեքսանդեր՝ Ե՛վ այստեղ, և՛ արտերկրում, դրանք խաթարել կամ նպաստել են ահաբեկչական հարձակումների խաթարման:
Լիհի՝ Միլիոնավոր գրառումներից մեկ տասնյակից ավելի՞ն եղել են կարևոր:
Ալեքսանդեր՝ Ճիշտ այդպես:

Այս հարցաքննությունն անցկացվել է Էդվարդ Սնոուդենի կողմից հետախուզական գաղտնի ծրագրի մասին տեղեկությունների բացահայտումից հետո:

Իլինոյս նահանգի սենատոր Ռիչարդ Դուրբինն իր խոսքում նշել է, որ պայմանագրային աշխատող, 29-ամյա Էդվարդ Սնուդենը, որը չի ավարտել ավագ դպրոցը, ԱՄՆ-ի ԱԱԾ-ում պահակ էր աշխատում: Սենատոր Դուրբինն ասել է, թե կցանկանար ուշադրություն դարձնել Սնոուդենի կենսագրականի վրա:

«Հարցնում եմ Ձեզ, թե արդյոք Դուք չեն մտահոգված, որ նրան տրվել է մեր պետության անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող տեղեկատվության այդքան մոտ գտնվելու հնարավորություն», - ասել է սենատոր Դուրբինն ԱՄՆ-ի ԱԱԾ-ի տնօրենին ուղղված հարցում:

Պատասխանելով սենատորի հարցին՝ Ալեքսանդերն ասել է, թե նրան մտահոգում է այս երևույթը:

«Ինձ շատ է մտահոգում է այս գործընթացը, ինչպես նաև նրա ունեցած մուտքի հնարավորությունը», - ասել է Ալեքսանդերը, որը, գլխավորելով նաև ԱՄՆ-ի համակարգչային զորքերի հրամանատարությունը, խոստացել է գալիք մի քանի օրվա ընթացքում ապագաղտնիացնել որոշ տեղեկություններ՝ ապացուցելու համար, որ հետախուզական ծրագրերը գործում են օրենքի շրջանակներում և ելնելով պետության շահերից:

«Մենք որևէ թաքուն գործողություններ չենք իրականացնում, մենք գործում ենք՝ ելնելով բոլորիս, մեր երկրի շահերից: Այժմ կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է հնարավորինս մեծ թվով փաստեր ներկայացնել Ամերիկայի ժողովրդին», - ասել է Ալեքսանդերը:

ԱՄՆ-ի մի քանի օրենսդիր նիստի ընթացքում իրենց հերթին նշել են, որ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները դիմադրում են՝ գործելով համակարգչային պատերազմի պայմաններում: Օրենսդիրներից մեկի համաձայն, հետախուզական ծառայություններին «գործելու մի փոքր տարածք է հարկավոր»:
XS
SM
MD
LG