Մատչելի հղումներ

Նորվեգացի մարդասպանը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման


Բանտարկության ժամկետը կարող է երկարաձգվել այնքան ժամանակ, որքան Բրեյվիկը վտանգավոր ճանաչվի հասարակության համար

Նորվեգիայի դատարանը մեղավոր է ճանաչել Անդերս Բեհրին Բրեյվիկին անցյալ տարվա հուլիսի երկու գրոհ կատարելու մեջ, որոնց զոհ է գնացել 77 մարդ:

Անդերս Բեհրին Բրեյվիկին ուրբաթ օրը ներկայացված դատավճիռը նշանակում է, որ նա կբանտարկվի 21 տարվա ազատազրկման, իսկ բանտարկության ժամկետը կարող է երկարաձգվել այնքան ժամանակ, որքան Բրեյվիկը վտանգավոր ճանաչվի հասարակության համար:

Մեղադրող կողմը նախկինում փորձել է անմեղսունակ ճանաչել մարդասպանին՝ վերջինիս հոգեբուժարան ուղարկելու նպատակով:

Նորվեգացի ահաբեկիչը Բրեյվիկը դատավարության ընթացքում ընդունել էր անցյալ տարվա հուլիսի 22-ին երկրի մայրաքաղաք Օսլոյում պայթուցիկով բեռնված մեքենայի միջոցով պայթյունի, ինչպես նաև մայրաքաղաքից դուրս գտնվող Ուտոյա կղզում կազմակերպված երիտասարդական ճամբարում սպանդի իրականացման փաստը: Պայթյունի հետևանքով զոհվել էր ութ մարդ, իսկ երիտասարդական ճամբարում հրաձգության ընթացքում Բրեյվիկի զոհ էր գնացել 69 մարդ, հիմնականում դեռահասներ:

Բրեյվիկը դատավարության ընթացքում ասել էր, թե պաշտպանել է Նորվեգիան օտար մշակույթներից և մահմեդականների կողմից զավթված լինելուց: Ահաբեկիչը պնդում էր, թե իր գործողություններն ուղղված են եղել Օսլոյում կառավարական աշխատողների և ձախակողմյան քաղաքական ուժերի դեմ, որոնց նա մեղադրել է Նորվեգիա ներգաղթի վերահսկողությունը թույլատրելու մեջ:

Դատավարության ընթացքում նա ենթարկվել է հոգեբուժական երկու փորձաքննության, որոնցից մեկի արդյունքներով անգործունակ է ճանաչվել, իսկ մյուսը ճիշտ հակառակ եզրակացություն է ներկայացրել:

Բրեյվիկի փաստաբանի համաձայն, իր պաշտպանյալը դատավճիռը բողոքարկել չի նախատեսում:
XS
SM
MD
LG