ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կազմակերպության անդամ-պետություններին կոչ է արել սատարել առաջարկված հակահրթիռային ծրագիրը:
Այս կոչով Ռասմուսենը հանդես է եկել հինգշաբթի օրը` ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների միջև հազվադեպ անցկացվող հանդիպման ընթացքում:
Կազմակերպության որոշ անդամ-պետություններ դեմ էին հակահրթիռային ծրագրին, քանի որ դրա իրականացման համար տնտեսական ճգնաժամային իրավիճակում պահանջվում է ծախսել ֆինանսական զգալի միջոցներ:
Բրյուսելում հանդիպմանը մասնակցող պաշտոնյաները քննարկել են դաշինքի առաքելությունում կատարվելիք փոփոխությունները, որոնք առավել լավ կօժանդակեն ՆԱՏՕ-ին կիբեռ-պատերազմին և հրթիռային սպառնալիքներին հակազդելու գործում:
Բարեփոխումները կազմելու են դաշինքի առաջարկված նոր առաքելության մասերից մեկը: Նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ի նոր առաքելությունն ընդունվելու է հաջորդ ամիս Պորտուգալիայում կայանալիք ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպման ժամանակ:
Ռասմուսենն ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ունենա դաշինքի անդամ-պետությունների 900 միլիոն քաղաքացիներին պաշտպանելու հնարավորություն և «ժամանակակից սպառնալիքներին հակազդելու ժամանակակից միջոցներ»:
Վերջին անգամ ՆԱՏՕ-ի առաքելության մեջ փոփոխություններ կատարվել էին 1999 թվականին: