Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը դատապարտել են Կոսովոյի բռնությունները


«Դատապարտում ենք Միրտովիցայի հյուսիսում երեկ տեղի ունեցած բռնությունները, քանի որ դրանք խարխլել են Կոսովոյի մնացած մասերում այլապես շատ լավ կազմակերպված ընտրական գործընթացը»

ՆԱՏՕ-ն և Եվրոպական Միությունը երկուշաբթի օրը քննադատել են Կոսովոյում կիրակի օրն անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում իրականացված բռնությունները:

Կոսովոյի հյուսիսում գտնվող՝ ազգությամբ հիմնական սերբ բնակչություն ունեցող Միտրովիցա քաղաքում ընտրությունների անցկացումը դադարեցվել էր այն բանից հետո, երբ դիմակավոր անհայտները հարձակում են իրականացրել երեք ընտրատարածքների ուղղությամբ: Հարձակվողները կիրառել են արցունքաբեր գազ և վնասել ընտրատուփերը:

«Դատապարտում ենք Միրտովիցայի հյուսիսում երեկ տեղի ունեցած բռնությունները, քանի որ դրանք խարխլել են Կոսովոյի մնացած մասերում այլապես շատ լավ կազմակերպված ընտրական գործընթացը», - ասել է ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը Բրյուսելում անցկացված ճեպազրույցի ընթացքում:

Կոսովոյում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների փաստով իր մտահոգությունն է արտահայտել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Ընտրությունները Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների բարելավման կարևոր տարրերից են: Պետք է թույլ չտալ, որ բռնությունները խարխլեն այս երկխոսության ընթացքում մինչ օրս ձեռք բերված առաջընթացը», - մամուլի հետ անցկացված հանդիպման ընթացքում նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Կոսովոյում անցկացված ընտրություններին ընդառաջ Բելգրադը հորդորել էր Կոսովոյում բնակվող սերբերին մասնակցել ընտրություններին, սակայն Կոսովոյի անկախությանն ընդդեմ հանդես եկող սերբական կազմակերպությունները կոչ էին արել ազգությամբ սերբ բնակչությանը բոյկոտել ընտրությունները:

Միտրովիցայում կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի վայր ուղարկվել էին ՆԱՏՕ-ի զինծառայողներ, դաշինքը խոստացել է ուշադիր հետևել իրավիճակի զարգացման:

Կոսովոյում գտնվող ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի զորախմբի կազմում ծառայություն է անցնում 6 հազար զինծառայող:
XS
SM
MD
LG