Մատչելի հղումներ

Մարս մոլորակի վրա հաջող վայրէջք է կատարել ՆԱՍԱ-ի ամենագնացը


Օբամա. «Այսօր Մարս մոլորակում Ամերիկայի Միացյալ Նահանգները պատմություն է կերտում»

ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերագնացության ազգային վարչությունը` ՆԱՍԱ-ն հայտնել է Մարս մոլորակի վրա «Քյուրիոսիթի», թարգմանաբար՝ «Հետաքրքրասիրություն» ամենագնաց լաբորատորիայի հաջող վայրէջքի մասին:

Ամենագնաց լաբորատորիան Մարս մոլորակի մակերևույթով ճանապարհորդությունը սկսելուց առաջ մի քանի շաբաթվա ընթացքում կենթարկվի մանրամասն ստուգումների:

«Քյուրիոսիթի» տիեզերական լաբորատորիայի հաջող վայրէջքի կապակցությամբ ուղերձ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

«Այսօր Մարս մոլորակում Ամերիկայի Միացյալ Նահանգները պատմություն է կերտում» խոսքերով մեկնարկելով իր ուղերձը` նախագահ Բարաք Օբաման նշել է, որ տիեզերք երբևէ ուղարկված տեղաշարժվող ամենաբարդ «Քյուրիոսիթի» լաբորատորիայի մեկ այլ մոլորակ կատարած վայրէջքը տեխնոլոգիական առաջընթացի աննախադեպ հաջողություն է, որը դեռևս երկար ժամանակ հպարտության աղբյուր կման ամերիկացիների համար:


Տիեզերական լաբորատորիայի վայրէջքի գործընթացի ՆԱՍԱ-ի տեսանյութը



«Այն ապացուցում է, որ նույնիսկ շատ երկար ժամանակ տևող անբարենպաստ պայմանները չեն կարող խոչընդոտել հնարամտության և վճռականության ուրույն մեր խառնուրդը», - ասել է նախագահը:

Ըստ նախագահ Օբամայի, ՆԱՍԱ-ի կողմից գրանցված հաջողությունը համընկնում է ամերիկյան ընկերությունների հետ նոր գործընկերության տեսլականին, որի արդյունքում հնարավոր կդառնա ամերիկացի տիեզերագնացներին դուրս բերել տիեզերք ամերիկյան արտադրության տիեզերանավերի միջոցով:

Իր ուղերձում Օբաման նշել է, որ նման գործընկերությունը հնարավորություն կտա Միացյալ Նահանգներին խնայել հարկատուների կողմից վճարվող գումարները՝ միաժամանակ թույլ տալով ՆԱՍԱ-ին կատարել այն աշխատանքը, որը գործակալությունը կարող է անել ամենից լավ, այն է՝ ընդլայնել մարդկության գիտելիքների սահմանները: Նա նշել է նաև, որ այս հաջողությունը հիշեցնում է ամերիկացիներին այն մասին, որ ոչ միայն տիեզերքում, այլև Երկիր մոլորակի վրա Միացյալ Նահանգների առաջնորդությունը կախված է նորարարության, տեխնոլոգիաների և հիմնարար հետազոտությունների մեջ խելամիտ ներդրումներից, որոնց միջոցով և Ամերիկայի տնտեսությունը դարձել է աշխարհում խոշորագույնը:

«Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ՆԱՍԱ-ի բոլոր այն աշխատողներին, որոնք իրականություն են դարձրել այս ձեռքբերումը, և շատ եմ սպասում «Քյուրիոսիթի»-ի հայտնագործություններին», - ասել է նախագահ Օբաման՝ եզրափակելով իր ուղերձը:
XS
SM
MD
LG