Մատչելի հղումներ

«Ոչ մի բանակցություն ԱՄՆ-ի հետ՝ առանց պատժամիջոցները հանելու»


Հարավային Կորեայի զինծառայողները՝ զորավարժությունների անցկացման ընթացքում

Հյուսիսային Կորեան պահանջում է հանել Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված պատժամիջոցները և դադարեցնել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև համատեղ զորավարժությունների անցկացումը

Հյուսիսային Կորեան պահանջում է հանել Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված պատժամիջոցները և դադարեցնել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև համատեղ զորավարժությունների անցկացումը:

Այս երկրի իշխանությունների համաձայն, ներկայացված նախապայմանները պետք է բավարարվեն՝ նախքան Վաշինգտոնի հետ «հնարավոր կդառնա սկսել որևէ բանակցություններ»:

Հյուսիսային Կորեայի ռազմական գերագույն մարմնի՝ Պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից սահմանված այս նախապայմանները հինգշաբթի օրը հաղորդել է երկրի պետական Կենտրոնական լրատվական գործակալությունը:

Վերլուծաբանների համաձայն, Միացյալ Նահանգներն անկասկած չեն ընդունի նման նախապայմաններ: ԱՄՆ-ի իշխանությունները նախկինում բազմիցս շեշտել են, որ որևէ բանակցություններ մեկնարկելուց առաջ Հյուսիսային Կորեայի իշխանությունները պետք է ձեռնարկեն հստակ քայլեր՝ երկրում իրականացվող միջուկային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ:

Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից տարածված հաղորդագրությունն այնուամենայնիվ հնարավոր է դիտարկել որպես Փխենյանի կողմից երկխոսություն ծավալելու գաղափարի որդեգրում, ինչին նրանք դիմել են՝ Միացյալ Նահանգներին և Հարավային Կորեային մի քանի շաբաթվա ընթացքում սպառնալիքներ ներկայացնելուց հետո:

Հարավային Կորեայի արտգործնախարարության խոսնակը հինգշաբթի օրն իր հերթին «անհեթեթ» է որակել հարևան պետության կողմից ներկայացված նախապայմանները:

«Կրկին հորդորում ենք Հյուսիսային Կորեային դադարեցնել նման դժվար հասկանալի պահանջների ներկայացումը: Կոչ ենք անում նաև կատարել խելամիտ ընտրություն, ինչի մասին բազմիցս նշել ենք անցյալում», - ասել է Հարավային Կորեայի արտգործնախարարության խոսնակը:
XS
SM
MD
LG