Կոնքազդրային հոդի փոխարինումը ԱՄՆ-ում դարձել է «Medicare» բժշկական ապահովագրության ծրագրում ներգրավված բնակչության շրջանում ամենատարածված վիրահատությունը: Ըստ որոշ գնահատականների, տարեկան կատարվում է 280 հազար նման վիրահատություն:
Նոր ուսումնասիրությամբ պարզվել է, որ վիրահատման հետ կապված մահացության ցուցանիշը ցածր է, հիվանդներն ավելի կարճ ժամանակ են անցկացնում հիվանդանոցում, իսկ վիրահատությունից հետո հիվանդանոց վերադառանալու ցուցանիշն աճել է, քանի որ ավելի շատ հիվանդներ դուրս գրվելուց հետո տեղափոխվում են խնամքի մասնագիտացված կենտրոններ, այլ ոչ թե տուն:
Այովայի համալսարանի բժշկական ֆակուլտետի բժիշկ Փիթըր Քրեմը այլ հեղինակների հետ ուսումնասիրել է ամերիկյան «Medicare» համակարգի գրեթե երկու միլիոն հիվանդների վիրահատության տվյալները, որոնց 1991-ից 2008 թվականերին՝ վերջին 18 տարիների ընթացքում արվել է կոնքազդրային հոդի առաջին և կրկնվող վիրահատություն:
«Հիվանդներն ավելի բարդ են, քան 18 տարի առաջ, չնայած՝ առաջին և կրկնվող վիրահատությունների դեպքում մահացության ցուցանիշը մնացել է անփոփոխ», - ասում է բժիշկ Քրեմը:
Ըստ հետազոտողների՝ կրկնակի կրճատվել է այն ժամանակը, որը հիվանդներն անցկացնում են հիվանդանոցում:
«Նրանք ավելի քիչ ժամանակ են մնում հիվանդանոցում, սակայն եթե նախկինում տուն էին գնում, այժմ ավելի շատ հիվանդներ վերականգնման կարիք ունեն, կամ նրանք վիրահատությունից հետո տուն գնալու փոխարեն հատուկ խնամքի կենտրոններ են տեղափոխվում», - ասում է բժիշկը:
Վիրահատությունից հետո երեսուն օրվա ընթացքում հիվանդանոց վերադառնալու ցուցանիշը ևս աճել է:
«Իսկապես, ոչինչ անվճար չէ. եթե հիվանդանոցում մնալու ժամկետը կրճատվել է, ապա ավելի քիչ հիվանդներ են տուն վերադառնում հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, ավելի շատ հիվանդ վերականգնման որոշակի խնամքի կարիք ունի», - նշում է Փիթեր Քրեմը: