Մատչելի հղումներ

Ձայնալարերի մերսումը վերականգնում է ձայնալարերի աշխատանքը


Ուսուցիչները, իրավաբանները և նրանք, ովքեր օրվա ընթացքում շատ են խոսում, ձայնալարերի խզվածություն ունենալու վտանգի տակ են: Նրանց ձայնը առանց որևէ դեղորայքի վերադարձնելու նոր միջոց գոյություն ունի։

Լեսլի Օդոմի համար երգելն ավելի շուտ կյանք է, քան հոբի:

«Մենք մեծացել ենք համերգներ և եկեղեցի հաճախելով», - ասում է Օդոմը:

Նա մասնագիտացված է երաժշտության մեջ և ուսուցանում է դպրոցական տարիքի երեխաներին: Երաժշտությունը միշտ նրա ոգեշնչման աղբյուրն է եղել: Սակայն երաժշտությունը դադարեց մի քանի տարի առաջ վահանագեղձի վիրահատությունից հետո: Նա մեկ կամ երկու նոտայից ավել չէր կարող երգել, ստիպված էր նաև թողնել եկեղեցու խումբը:

«Դա շատ ազդեց ինձ վրա, շատ ժամանակ եմ անցկացրել արտասվելով», - հիշում է Օդոմը:

Բժիշկները Լեսլիի մոտ մկանային լարվածության ձայնախանգարում ախտորոշեցին: Դա պատահում է, երբ ձայնային ապարատի շուրջ մկանները ձգվում են և առաջացնում խզվածություն և ձայնի թուլացում:

«Ամեն անգամ կուլ տալիս կարծես կոկորդումս ինչ-որ բան լիներ, կոկորդս մաքրելու ցանկություն էի ունենում» - նշում է Լեսլի Օդոմը:

Նախկինում բուժումը խոսակցության թերապիա էր, սակայն բժիշկները այժմ օգտագործում են ձայնալարերի համար նախատեսված մերսում:

Ըստ բժիշկ Քերի Թոմիլսընի, մերսումն իրականացվում է անմիջապես կոկորդի շրջանում:

Բժիշկ Թոմիլսընը մկանափակեղային թուլացում է կատարում. դնչի և պարանոցի միջև գտնվող ենթալեզվային ոսկորը վահանաձև աճառից առանձնացնելով՝ հնարավոր է դարձնում ձայնալարերի ճիշտ հավասարեցումը:

Վանդերբիլթի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսումնասիրության համաձայն՝ այս եղանակն օգնել է բարելավել հիվանդների երկու երրորդին: Եվ չնայած դա հաճախ ցավոտ է և ոչ հարմարավետ, ութ շաբաթ անց Լեսլիի ձայնալարերը վերականգնվեցին:

Լեսլին հիշում է, որ նախկինում չէր կարող երգել, խոսել երկար ժամանակ, իսկ այժմ այս կարողությունը վերականգնվել է:

Այժմ նա կարող է երգել այնպիսի նոտաներ, որ չէր երգել պատանեկությունից ի վեր։

Բժիշկ Գարեթի խոսքերով՝ թթվային հետհոսք ունեցող լարինգիտով ախտորոշված շատ հիվանդների մոտ իրականում մկանային լարվածության ձայնախանգարում է: Իր ուսումնասիրության ընթացքում թթվային հետհոսքի դեմ դեղորայք ընդունողների 67 տոկոսի մոտ բարելավում չի եղել, սակայն այս մեթոդը շատերին է օգնել:

XS
SM
MD
LG