Մատչելի հղումներ

«Կիևը պատասխան կտա Ուկրաինայի արևելքում իրականացված արյունոտ հանցագործության համար». Լավրով


Ռուսատանի արտգործնախարարությունը մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին սեփական ժողովրդի դեմ պատերազմ մղելու մեջ

Ռուսաստանն ուրբաթ օրը զգուշացրել է Կիևին, որ այն կպատասխանի Ուկրաինայի արևելքում իրականացված «արյունալի հանցագործության» համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հանդես գալով ԱՊՀ պետությունների երիտասարդ դիվանագետների համաժողովի ընթացքում, ասել է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները «պատերազմ են մղում սեփական ժողովրդի դեմ»:

«Նրանք, ովքեր դրդել են բանակը արյունալի այս հանցագործությունը կատարելուն, դեռևս պետք է պատասխան տան դրա համար, և ես համոզված եմ, որ նրանք կկանգնեն արդարադատության առջև», - շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ուկրաինայի ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումներն այս ընթացքում մեկնարկել են երկրի արևելքում իրականացվող գործողությունների երկրորդ փուլը, որի ընթացքում իրականացվել է ռուսաստանամետ զինյալների կողմից վերահսկվող Սլավյանսկ քաղաքի լայնածավալ շրջափակումը:

Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենիյ Յացենյուկը նույն օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսաստանը ցանկանում է հրահրել Երրորդ աշխարհամարտը՝ «Ուկրաինայի ռազմական և քաղաքական օկուպացման միջոցով»:

«Աշխարհը դեռևս չի մոռացել Երկրորդ աշխարհամարտը, իսկ Ռուսաստանն արդեն ցանկանում է մեկնարկել Երրորդ համաշխարհային պատերազմը», - ասել է Յացենյուկը Ուկրաինայի ժամանակավոր կառավարության նիստի ընթացքում՝ հավելելով. «Ուկրաինայում ռազմական հակամարտություն հրահրելու փորձերը կհանգեցնեն Եվրոպայում ռազմական հակամարտության»:

Ուկրաինայի վարչապետի համաձայն, ահաբեկիչներին սատարելով՝ Ռուսաստանը «ավազակային միջոցներ է օգտագործում»:
XS
SM
MD
LG