Մատչելի հղումներ

Լավրով. «Այս շոուն ամերիկացիներն են վարում»


Լավրովը մեղադրել է Միացյալ Նահանգներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում անմիջական միջամտության մեջ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը մեղադրել է Միացյալ Նահանգներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում անմիջական միջամտության մեջ՝ կարծիք արտահայտելով այն մասին, որ «ամերիկացիներն անմիջականորեն են վարում այս շոուն»:

Այս հայտարարությամբ արտգործնախարար Լավրովը հանդես է եկել «Ռաշա Թըդեյ» հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ընթացքում, որի ժամանակ ասել է, թե ռուսաստանամետ ակտիվիստների նկատմամբ հակաահաբեկչական գործողությունները մեկնարկել էին ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանի կողմից Կիև կատարված այցելությունից անմիջապես հետո, սակայն հետագայում դադարեցվել էին՝ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ:

«Այժմ, երբ Ջո Բայդենն այցելել է Կիև, հայտարարվել է, որ այս գործողությունները կրկին ակտիվ փուլ են մտնելու: Այսինքն, ես որևէ կասկածներ չունեմ, որ ամերիկացիներն ամենաանմիջական եղանակով են վարում այս շոուն», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Արտգործնախարար Լավրովը նշել է, որ, ի տարբերություն Եվրոպայի, որը փորձում է գործել ավելի քողարկված եղանակով, Միացյալ Նահանգները շատ ավելի բաց է գործում:

«Երբ ամեն օր հեռախոսազանգեր են ստացվում Ջոն Քերրիից, որն ասում է, թե ինչ է պետք անել, երբ հասկանալի է դառնում, թե Ուկրաինայից որքան հեռու է Միացյալ Նահանգներն ու որքան հուզված է այն, տպավորություն է ստեղծվում, որ նրանք են իսկապես հիմնականում կառավարում այս ամբողջ գործընթացը», - ասել է Լավրովը:

Սերգեյ Լավրովի համաձայն, Ռուսաստանը երբեք չի հերքել, որ լրացուցիչ ռազմական ստորաբաժանումներ է ուղարկել Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններ:

«Եթե տեղի ունենա Ռուսաստանի քաղաքացիների շահերի անմիջական խախտում, ապա ես չեմ տեսնում այլ ելք, քան դրանց տրվող արձագանքը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», - զգուշացրել է Ռուսաստանի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG