Մատչելի հղումներ

Լավրով. «Ղրիմում զինված ուժերը պաշտպանում են Ռուսաստանի քաղաքացիներին»


«Մեծ յոթնյակի»՝ «G7»-ի առաջնորդներն իրենց հերթին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հորդորել են Ռուսաստանին Ուկրաինայի հետ ունեցած բոլոր տարաձայնությունները լուծել ուղիղ բանակցությունների, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտպանել է իր երկրի զինված ուժերի ներկայությունը Ուկրաինային պատկանող Ղրիմի թերակղզում:

Այս հայտարարությամբ Լավրովը հանդես է եկել տարածաշրջանում լարվածության հետագա սրումից խուսափելու ուղղությամբ աշխատող ՄԱԿ-ի Գերագույն քարտուղար Բան Կի-մունի հետ հանդիպումից առաջ:

Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրն ասել է, որ Ղրիմում Ռուսաստանի զինված ուժերի օգտագործումն անհրաժեշտ է այնքան ժամանակ, մինչև «Ղրիմում չկայունանա քաղաքական իրավիճակը»:

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի բացման ընթացքում հայտարարությամբ հանդես եկած Լավրովը նշել է նաև, որ իր երկրի զինված ուժերը պաշտպանում են Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձանց:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդել է նաև, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի իր գործընկերոջ հետ: Հեռախոսազրույցի ընթացքում, ըստ արտգործնախարարության, երկու կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ «համընկնող տեսակետները»:

«Մեծ յոթնյակի»՝ «G7»-ի առաջնորդներն իրենց հերթին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հորդորել են Ռուսաստանին Ուկրաինայի հետ ունեցած բոլոր տարաձայնությունները լուծել ուղիղ բանակցությունների, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ:

«Մեծ յոթնյակ»-ը երկուշաբթի օրն անցկացնում է հանդիպում՝ քննարկելու համար Ուկրաինային աջակցություն տրամադրելու լավագույն եղանակները:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին երեքշաբթի օրը կժամանի Ուկրաինա: Այս երկիր կայցելի նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
XS
SM
MD
LG