Մատչելի հղումներ

Կիևում կայացել է Նալբանդյանի, Մամադյարովի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտնել են առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում դեկտեմբերի 4-ին կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձնազրույցից հետո, նրանց միացել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

«Վիեննայում նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր փոխանակվեցին հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նախարարները և համանախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: Համանախագահները, ըստ հաղորդագրության, հայտնել են այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը։

«Արտգործնախարարները, ընդգծելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի կարևորությունը, շնորհակալություն են հայտնել նրանց՝ խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի համար», - եզրափակում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպման շուրջ պաշտոնական հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG