Մատչելի հղումներ

Քերի. ԱՄՆ-ի հետախուզական գործունեությունը «շատ հեռու է գնացել»


Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոստացել է, որ «նման բան այլևս չի կատարվի»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի համաձայն, Միացյալ Նահանգների հետախուզական գործունեությունը «շատ հեռու է գնացել»:

Հանդես գալով Վաշինգտոնից՝ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոստացել է, որ «նման բան այլևս չի կատարվի»:

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների գործունեությանը նվիրված նիստի ժամանակ ԱՄՆ-ի Կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել հետախուզական ծառայությունների կողմից ձայնագրված հաղորդակցությունները պահելու և օգտագործելու ժամկետի սահմանափակման մասին օրինագիծը: Ըստ օրինագծի, դրա տևողությունը չպետք է գերազանցի հինգ տարին:

Հետախուզական ծառայությունների գործունեության հետ կապված սկանդալը հասել է Ասիայի պետություններ: Այսպես, Ինդոնեզիայում արտգործնախարարություն է հրավիրվել Ջակարտայում Ավստրալիայի դեսպանը՝ հետևելով Ավստրալիայի կողմից Ինդոնեզիայում, Թաիլանդում, Վիետնամում, Չինաստանում և Արևելյան Թիմորում գտնվող դեսպանությունները ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների լրտեսական գործունեության համար տրամադրելու մասին հաղորդագրություններին:

Ինդոնեզիայի մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը, ըստ մամուլում հրապարակված հաղորդումների, օգտագործվել է նաև երկրի նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների նկատմամբ լրտեսական գործողությունների իրականացման համար:

Ըստ հաղորդագրությունների, լրտեսական սարքավորումները ներկառուցված են Ջակարտայում ԱՄՆ-ի դեսպանության շենքի մեջ:

Հիշեցնենք, որ համացանցում որոնումների իրականացման ոլորտի առաջատար «Google» և «Yahoo» ընկերություններն այս շաբաթ վրդովմունք են արտահայտել ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից հաղորդակցման իրենց ցանցեր գաղտնի մուտք գործելու մասին հաղորդագրությունների կապակցությամբ:

«Google»ի հայտարարության մեջ ասված է, որ ընկերությունը «զայրացած» է ԱՄՆ-ի պետական մարմինների կողմից ընկերության մասնավոր ցանցերից տվյալներ հավաքելու գործողությունների մասշտաբով՝ շեշտելով, որ այս հաղորդագրությունները վկայում են «անհապաղ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին»:
XS
SM
MD
LG