Մատչելի հղումներ

«Ուկրաինայում ընտրությունների հաջող անցկացումը վկայում է ժողովրդավարական գործընթացներին նվիրվածության մասին». Քերրի


«Միացյալ Նահանգները շարունակելու է համագործակցությունը Ուկրաինայի և երկրի նորընտիր նախագահի հետ՝ ժողովրդավարության հաղթանակն ամրապնդելու ուղղությամբ»

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը մայիսի 25-ին կայացած պատմական ընտրությունների կապակցությամբ: Ուկրաինացիները միավորվել են՝ իրենց քաղաքական կամքն ազատ արտահայտելու և ապագան միասին ընտրելու համար: Ընտրողների ակտիվ մասնակցությունը համոզիչ վկայություն է, որ ուկրաինացիները ցանկանում են ապրել միասնական, ժողովրդավարական և խաղաղ, եվրոպական ինստիտուտներում ինտեգրված Ուկրաինայում»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ-ի և այլ դիտորդների նախնական զեկույցները, «որոնց համաձայն ընտրությունները ցուցադրել են միջազգային պարտավորությունների համաձայն և քաղաքացիների հիմնական իրավունքների հանդեպ հարգանքի միջոցով երկրի տարածաշրջանների հիմնական մասում քվեարկություն անցկացնելու վերաբերյալ իշխանությունների հստակ ուղղվածությունը»:

«Ինչպես հստակ նշել են դիտորդները, Ուկրաինայի արևելյան երկու մարզերում անվտանգության ցածր մակարդակը և անջատողականների խմբավորումների կողմից ընտրողների ահաբեկումը խոչընդոտել են ընտրողների մասնակցությունը քվեարկությանը, մինչդեռ Ղրիմում քվեարկությունն ընդհանրապես չի անցկացվել: Մենք խորապես հիացած ենք Դոնեցկի և Լուգանսկի այն բնակիչների խիզախությամբ և վճռականությամբ, որոնց ջանքերի շնորհիվ քվեարկությունն այնուամենայնիվ կայացել է», - ասում է Ջոն Քերրին:

Միացյալ Նահանգները, ըստ արտգործնախարար Քերրիի, երախտապարտ է ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյին, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վերաժողովին և բազմաթիվ այլ կազմակերպություններին, որոնք կարողացել են ապահովել միջազգային դիտորդական առաքելության աշխատանքը:

Ջոն Քերրին շեշտել է, որ «Ուկրաինայում ընտրությունների հաջող անցկացումը վկայում է ժողովրդավարական գործընթացներին նվիրվածության մասին»:

«Միացյալ Նահանգները շարունակելու է համագործակցությունը Ուկրաինայի և երկրի նորընտիր նախագահի հետ՝ ժողովրդավարության հաղթանակն ամրապնդելու ուղղությամբ: Մենք սատարելու ենք իրենց ապագան առավել միասնական, անվտանգ, անկախ և բարգավաճ Ուկրաինայում կառուցելուն ուղղված ջանքերին: Միացյալ Նահանգները հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և դատապարտում է Ռուսատանի կողմից Ղրիմի օկուպացումն ու բռնակցումը՝ միաժամանակ պահպանելով Ուկրաինայի և այլ գործընկերների հետ այս հակամարտության կարգավորմանն ուղղված համագործակցության ուղղվածությունը», - եզրափակում է ԱՄՆ-ի արտգործնախարարի ուղերձը:
XS
SM
MD
LG