Մատչելի հղումներ

«Հայ-ադրբեջանական ժամանակային ռումբը՝ Ղարաբաղում»


Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ
«Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա այն կործանիչ հակահարված կստանա Ղարաբաղի բանակից»:

Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, որի խոսքերը մեջբերվել են Արցախի շուրջ ստեղված իրավիճակին նվիրված «Ֆրանս պրես» գործակալության հոդվածում:

Հոդվածում ներկայացված է Վաշինգտոնից իր գործունեությունն իրականացնող Կենտրոնական Ասիայի և Կովկասի հաստատության տնօրեն Սվանթե Քորնելի կարծիքը, որի համաձայն միջազգային հանրությունը որևէ նշանակալից ջանք չի գործադրում արցախյան հակամարտությունը լուծելու ուղղությամբ, իսկ երկու պետություններում ստեղծվող ներքին իրավիճակի պատճառով, ասում է նա, վեճը կարող է լայնամասշտաբ հակամարտության վերածվել:

«Նման իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել, և կգա այն պահը, երբ ինչ-որ բան դուրս կգա վերահսկողությունից: Այս հակամարտությունը ժամանակային ռումբ է, և կարծում եմ, որ որոշակի պահի այն կվերածվի զինված նոր հակամարտության», - ասել է Քորնելը:

Հոդվածի հեղինակների համաձայն, Բաքուն փորձում է ստիպել Երևանին փոխզիջումների գնալ և ներգրավել Հայաստանին սպառազինությունների մրցավազքի մեջ, ինչը Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ: Հոդվածում մեջբերված է Ադրբեջանի բարձրաստիճան օրենսդիր, երկրում կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ Մուբարիզ Գուրբանլիի խոսքը, որի համաձայն «Ադրբեջանն օգտագործում է տնտեսական իր լծակները՝ Հայաստանին խաղաղություն պարտադրելու նպատակով, ինչը կատարվում է տնտեսական հյուծման և տարածաշրջանային կարևոր նախագծերից դուրս թողնելու միջոցով»:

«Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի պետական բյուջեն», ասել է Գուրբանլին՝ հավելելով, որ եթե բանակցությունները արդյունքի չհանգեցնեն, ապա բարձրանալու է պատերազմի հավանականությունը:

Հոդվածը եզրափակում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հաստատության տնօրեն Սվանթե Քորնելի խոսքով, որի համաձայն Ադրբեջանի և ՝՝բնական հարուստ ռեսուրսներ չունեցող Հայաստանի միջև տնտեսական անհավասարակշռությունը արագորեն մեծանում է:

«Առկա են թույլ Հայաստանն ու ամենայն հավանականությամբ՝ ռեվանշիստական Ադրբեջանը», - ասել է Քորնելը:
XS
SM
MD
LG