Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր՝ Քաբուլում ռեստորանի վրա կատարված հարձակման հետևանքով


Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները՝ ասելով, թե վրեժխնդիր են եղել այս շաբաթվա ընթացքում Աֆղանստանի Փարվան նահանգում իրականացված ռազմական գործողությունների համար

Աֆղանստանի իշխանությունները շաբաթ օրը տեղեկացրել են, որ թալիբների կողմից Քաբուլում գտնվող լիբանանյան ռեստորաններից մեկի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 21-ի:

Քաբուլում գտնվող օտարերկրացիների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող ռեստորանի ուղղությամբ իրականացված հարձակման պատճառով զոհվել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի քաղաքացիներ, ինչպես նաև ԱՄՀ-ի լիբանանցի բարձրաստիճան մի պաշտոնյա: Հարձակման հետևանքով զոհվել է նաև ՄԱԿ-ի չորս աշխատող:

Աֆղանստանի պաշտոնյաների համաձայն, ինքնասպան ահաբեկիչը նախօրեին ռեստորան մուտք գործելուց հետո իրականացրել էր պայթյունը, որից հետո ռեստորան մտել էր երկու զինյալ՝ կրակ բացելով այնտեղ գտնվողների ուղղությամբ:

Զինյալները ոչնչացվել են Աֆղանստանի անվտանգության ուժերի կողմից:

Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները՝ ասելով, թե վրեժխնդիր են եղել այս շաբաթվա ընթացքում Աֆղանստանի Փարվան նահանգում իրականացված ռազմական գործողությունների համար: Զինյալների համաձայն, Փարվան նահանգում իրականացված հարձակման հետևանքով զոհվել են խաղաղ բազմաթիվ բնակիչներ:

Թալիբների խոսնակի համաձայն, լիբանանյան խոհանոցի ռեստորանը որպես թիրախ էր ընտրվել այն պատճառով, որ ռեստորանում «զավթիչները ճաշում էին՝ օգտագործելով ոգելից խմիչքներ»:

Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Քանինգհեմը, դատապարտելով հարձակումը, ասել է, որ թալիբների հարձակման թիրախն են դարձել «այն մարդիկ, որոնք աշխատում էին հանուն Աֆղանստանի ապագայի»:

Դեսպան Քանինգհեմի համաձայն, «զինյալները միայն ավերածություններ են առաջացնում, նրանք չեն կարող ոչինչ կառուցել»:
XS
SM
MD
LG