Մատչելի հղումներ

«Իրանին վերջնագիր ներկայացնելու ժամանակն է եկել»


Իսրայելի նախարարի համաձայն, դիվանագիտական ջանքերը շարունակելու դեպքում Իրանը «ծիծաղով կհասնի միջուկային ռումբ ստեղծելու իր նպատակին»

Իսրայելի ռազմավարության և հետախուզության գործերով նախարար Յուվալ Շտայնիցը կոչ է արել աշխարհի տերություններին Իրանի դեմ ռազմական գործողություններ մեկնարկելու սպառնալիքով հանդես գալ այն դեպքում, եթե Իրանը հրաժարվի դադարեցնել «միջուկային զգայուն ոլորտներում աշխատանքը գալիք մի քանի շաբաթվա կամ ամիսների ընթացքում»:

Հանդես գալով Իսրայելի բանակի ռադիոյով, նախարար Շտայնիցն ասել է, թե եկել է ժամանակը, որպեսզի Իսրայելը դեմ առ դեմ կանգնի «ամբողջ աշխարհի, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և Արևմուտքի կողմից ներկայացվող ռազմական սպառնալիքի, «կարմիր գծի» կամ միանշանակ վերջնագրի առջև»:

Շտայնիցը մեղադրել է Իրանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ ներկայացուցչի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ վերջին բանակցությունները փակուղի տանելու մեջ: Նրա համաձայն, դիվանագիտական ջանքերը շարունակելու դեպքում Իրանը «ծիծաղով կհասնի միջուկային ռումբ ստեղծելու իր նպատակին»:

Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի համաձայն, Ղազախստանում անցյալ շաբաթվա վերջին անցկացված երկօրյա բանակցությունների արդյունքներով կողմերի միջև «պահպանում են խորը տարաձայնությունները»: Բանակցող կողմերը, բացի այդ, չկարողացան համաձայնության գալ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամանակ սահմանելու շուրջ:
XS
SM
MD
LG