Մատչելի հղումներ

Իսրայելի նախագահը գովասանքի խոսքեր է ուղղել Ադրբեջանին՝ Իրանի շուրջ դիրքորոշման համար


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը վստահեցրել է Իսրայելին, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կշարունակի հավատարիմ մնալ Մերձավոր Արևելքում Իսրայելի ռազմական հզորության պահպանման գործին

Իսրայելի նախագահը երկուշաբթի օրը գովասանքի խոսքեր է ուղղել Ադրբեջանին՝ «Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցությանը հակազդելու համար»:

Ըստ «Ասոշիեյթիդ Փրես» գործակալության, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն այս երկիր պաշտոնական այցով առաջին անգամ ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովին ասել է նաև, որ Իսրայելը կարևոր դաշնակից է համարում Ադրբեջանին՝ հաշվի առնելով վերջինիս «կարևոր աշխարհագրական դիրքը»:

Ադրբեջանի արտգործնախարարն իր հերթին ասել է, թե իր երկիրն ունի «բավականին դժվար հարևաններ», և որ Իսրայելի հետ կապերի ընդլայնումն Ադրբեջանի կողմից դիտվում է որպես «հսկա հնարավորություն»:

«Չնայած պաշտոնյաներից և ոչ մեկը չի խոսել այս մասին, սակայն Իրանի հարևանությամբ գտնվելու հանգամանքի շնորհիվ Ադրբեջանը կարող է կարևոր դեր ունենալ՝ Իրանի միջուկային հզորությունների դեմ ուղղված ռազմական գործողության դեպքում», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Իսրայել նույն օրը ժամանած ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը վստահեցրել է Իսրայելին, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կշարունակի հավատարիմ մնալ Մերձավոր Արևելքում Իսրայելի ռազմական հզորության պահպանման գործին:

Այս հայտարարությամբ պաշտպանության նախարար Հեյգելը հանդես է եկել Իսրայելի իր գործընկեր Մոշե Յալոնի հետ երկուշաբթի օրն անցկացրած հանդիպումից հետո:

Հեյգելն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը «հավատարիմ է մնում տրամադրելու Իսրայելին անհրաժեշտ ցանկացան օժանդակություն, որպեսզի վերջինս պահպանի ռազմական գերիշխող դիրքը որևէ պետության կամ պետությունների դաշինքի նկատմամբ»:
XS
SM
MD
LG