Մատչելի հղումներ

Իրաքի վարչապետը հորդորել է Ֆալուջաի բնակիչներին վտարել «ալ-Քաիդա»-ին


Ֆալուջան արդեն իսկ սկսել են լքել տեղի բազմաթիվ բնակիչներ՝ ռազմական լայնամասշտաբ գործողությունների անխուսափելիության մասին մտավախությունների պատճառով

Իրաքի վարչապետը հորդորել է Ֆալուջա քաղաքի բնակիչներին և այն քաղաքում բնակվող ցեղախմբերի ներկայացուցիչներին վտարել քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատած «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալներին՝ կանխարգելելու համար Իրաքի զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների իրականացումը, որը կարող է մեկնարկել մի քանի օրվա ընթացքում:

Վարչապետ Նուռի ալ-Մալիքիի ուղերձը հեռարձակվել է Իրաքի պետական հեռուստատեսությամբ, սակայն երկուշաբթի օրը Ֆալուջան արդեն իսկ սկսել են լքել տեղի բազմաթիվ բնակիչներ՝ ռազմական լայնամասշտաբ գործողությունների անխուսափելիության մասին մտավախությունների պատճառով:

Իրաքի կառավարությանը հավատարիմ զինված ուժերը շրջապատել են Ֆալուջա քաղաքը, որը գտնվում է հիմնականում սունիներով բնակեցված արևելյան Անբար նահանգում, և որը, նահանգի մայրաքաղաք Ռամադիի հիմնական մասի հետ մեկտեղ, անցյալ շաբաթ անցել էր «ալ-Քաիդա»-ի զինյալների վերահսկողության ներքո:

Իրաքի շիա վարչապետ Մալիքին, որի կառավարությունը հիմնականում չեն սատարում Ֆալուջայի սունի բնակիչները, կարգադրել է նաև անվտանգության ուժերին կրակ չարձակել բնակելի տարածքների ուղղությամբ:

Իրաքի անվտանգության ուժերի համաձայն, վարչապետ Մալիքին համաձայնվել է հետաձգել հարձակումը՝ ժամանակ տալով Ֆալուջայի ցեղախմբերի առաջնորդներին «ալ-Քաիդա»-ին վտարելու համար:

Երկրի անվտանգության ուժերի և իսլամիստ զինյալների միջև նախօրեին ծավալված հակամարտության հետևանքով զոհվել էր առնվազն 34 մարդ: Իրաքի կառավարական ուժերը օդային հարվածներ էին հասցրել Ռամադի քաղաքի ուղղությամբ:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին կիրակի օրն ասել էր, որ Միացյալ Նահանգներն աջակցություն կտրամադրի «ալ-Քաիդա»-ին սատարող զինյալների դեմ պայքար մղող Իրաքի անվտանգության ուժերին՝ շեշտելով սակայն, որ «այդ պայքարը նրանք պետք է վարեն»:

Արտգործնախարար Քերրին նշել է նաև, որ Միացյալ Նահանգների զինծառայողներին Իրաք ուղարկել չի նախատեսվում:
XS
SM
MD
LG