Մատչելի հղումներ

Իրանում նախագահական ընտրություններ են անցկացվում


Ընտրություններին քվեարկելու իրավունք ունի Իրանի մոտ 55 միլիոն բնակիչ

Իրանում ուրբաթ օրն անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնց ընթացքում երկրի քաղաքացիները ընտրություն են կատարելու Իրանի հոգևորականների կողմից հավանության արժանացրած վեց թեկնածուների ցուցակից, որոնցից շատերը համարվում են երկրի բարձրագույն առաջնորդին հավատարիմ, քաղաքական կոշտ ուղու ջատագովներ:

Այս ընտրություններին քվեարկելու իրավունք ունի Իրանի մոտ 55 միլիոն բնակիչ:

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին ուրբաթ օրը քվեարկել է Թեհրանում, որից հետո մամուլի հետ հանդիպման ընթացքում հերքել է ԱՄՆ-ի կողմից Իրանում անցկացվող ընտրությունների քննադատությունը՝ ասելով, թե «Իրանը կպարտվի, եթե հետևի Միացյալ Նահանգների կողմից նախընտրած ուղին»:

Նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Իրանի իշխանությունները փակել են սահմանները, ձերբակալել այլախոհներին և որոշ լրագրողներին: Օտարերկրյա լրատվամիջոցներից շատերը հայտնել են, որ Իրանի իշխանություններն առանց ուշադրության են թողել ընտրությունները լուսաբանելու նպատակով լրագրողներին մուտքի արտոնագրի տրամադրման բոլոր փորձերը:

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին հորդորել է երկրի բնակիչներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ընտրություններին:

Խամենեին հեռուստատեսային իր ուղերձում նախօրեին ասել էր, թե «Իրանի ժողովրդի ակտիվ մասնակցությունը կհիասթափեցնի թշնամուն, կստիպի նրան թուլացնել ճնշումը և այլ ուղի ընտրել»:

Նախընտրական պայքարի ընթացքում, բազում կարծիքների համաձայն, առաջատար դիրքեր է զբաղեցնում միջուկային հարցերով Իրանի գլխավոր բանագնաց Սայեդ Ջալիլին: Վերջին օրերին սակայն ամրապնդվել են նաև միջուկային նախկին բանագնաց և ընտրապայքարում որպես չափավոր թեկնածու մասնակցող Հասան Ռովհանիի դիրքերը:

Իրանում նախագահական ընտրապայքարին մասնակցող, բարեփոխումների ջատագով միակ թեկնածու Մոհամադ Ռեզա Արեֆը դուրս էր եկել ընտրապայքարից այս շաբաթվա սկզբին, որից հետո վերջինս, Իրանի նախկին նախագահ և բարեփոխումների ջատագով Մոհամադ Խաթեմիի հետ միասին, հանդես են եկել Ռովհանիի թեկնածությունը սատարելու մասին հայտարարությամբ:

Ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուի առջև կկանգնեն բարձր գործազրկության և սղաճի դեմ պայքարող տնտեսության խնդիրները, որոնց լուծումն ավելի է դժվարանում Իրանի միջուկային ծրագրի հետևանքով երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով: Վերլուծաբանները սակայն նշում են, որ Իրանի կողմից միջազգային հանրության նկատմամբ զբաղեցված դիրքում փոփոխությունները քիչ են հավանական:
XS
SM
MD
LG